Խմբագրության կողմից



Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը և աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Չի կարելի թերագնահատել մեր աշխարհը, քանզի այնտեղ ապրում և աշխատում են այնպիսի ինքնատիպ անհատներ, ինչպիսիք են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին ու նրա տեղակալ Մարի Հարֆը, Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն ու նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովը, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Բարաք Օբաման, Բաքվի հայ, հոմոսեքսուալ հակումներ ունեցող Արսեն Ավակովն ու նրա կուսակցապետ Յուլիա Տիմոշենկոն, վերջապես՝ հայկական խորհրդարանում միաժամանակ գործում են միանգամից վեց ունիկալ խմբակցություններ, որոնք բացարձակապես ոչ մի կապ չունեն պառլամենտարիզմի հետ, իսկ ինչ-որ տեղ Եվրոպայում երգում ու պարում է հիասքանչ Կոնչիտա Վուրստը, ու մեզնից մի փոքր ավելի հյուսիսում հայտարարում են մի մարդու միջազգային հետախուզման մասին, ով առաջինն աշխարհում ազատեց արևելյան պետությունը կենտրոնացված կոռուպցիայից։


Ինչպես տեսնում ենք, աշխարհում սարկազմի համար հսկայական տարածք կա։ Ասում են՝ սարկազմը երգիծական մերկացման տեսակ է, հեգնանքի բարձրագույն աստիճանը՝ հիմնված ոչ միայն ենթադրյալի և արտահայտվածի սաստիկ կոնտրաստի, այլ նաև ենթադրյալի անհապաղ ու միտումնավոր մերկացման վրա։ Սարկազմը պայքարն է իրականության թշնամական երևույթների դեմ՝ դրանք ծաղրի ենթարկելու միջոցով։ Անողոքությունը, ծաղրի ենթարկելու կտրականությունը սարկազմի առանձնահատկությունն են։ Բայց ի տարբերություն հեգնանքի, սարկազմում իրենց արտահայտությունն են գտնում զայրույթի բարձրագույն աստիճանն ու ատելությունը։ Գործնականում սարկազմի հենց այս ընկալման միջոցով ենք մենք զբաղվելու՝ ատելությունից բացի, քանի որ այն մեզ այնքան էլ հոգեհարազատ չէ։ Մենք ավելի շուտ հակված ենք դեպի սերը, որին հետևում է ուրախությունը, այլ ոչ թե դեպի ատելությունը, որը թախծի մշտական ուղեկիցն է...


Ուրախությունը... զմայլելի այդ զգացողությունը, որն առանձնապես դեֆիցիտ է դարձել մեր ժամանակներում, մեզ անհրաժեշտ է, անգամ եթե օբյեկտիվ իրականության մեջ դրա գոյության պատճառներ չկան։ Եվ այս առնչությամբ ուզում ենք հիշատակել մեծն Գյոթեի նամակն իր բարեկամներից մեկին։ Ահա թե ինչ է գրել նա Բեթհովենի մասին. «Վիեննայում ես ծանոթացա Բեթհովենի հետ։ Նրա տաղանդն ապշեցրեց ինձ։ Բայց, ցավոք, նա միանգամայն անսանձ կերպար է։ Նա, իհարկե, իրավացի է՝ այս աշխարհը զզվելի համարելով, բայց իր պահվածքով նա ուրախություններով չի հարստացնում այն ոչ իր, ոչ ուրիշների համար»։ Չեմ կողմնորոշվում՝ այս երկու մեծ գերմանացիներից ով է իրավացի, բայցևայնպես համարձակվում եմ ենթադրել, որ Գյոթեն ավելի իրավացի էր... Թեկուզև այն պատճառով, որ 30 տարի ավելի ապրեց, քան Բեթհովենը։


Ուրեմն, ուրախանա՛նք կյանքով այս զզվելի աշխարհում և հարստացնենք այն ուրախություններով մեզ և ուրիշների համար։ Դա անելու ենք ամեն պարագայում, անգամ եթե Բարաք Օբաման հարվածի Իրանին և քաոսն մոտեցնի մեր սահմաններին, իսկ 2018թ. ցրտաշունչ փետրվարին Հայաստանի քաղաքացիները սխալմամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և խոշոր մեկենաս Սամվել Ալեքսանյանի արտադրած կեղծ օղին խմեն ու երկրի նախագահ ընտրեն ՀՀ Ազգային ժողովի մեկ այլ պատգամավորի՝ հարգարժան Լևոն Զուրաբյանին։


Եվ քանի որ խոսք եղավ ուրախության մասին, ապա օգտվենք առիթից և ուրախացնենք մեր պոտենցիալ երկրպագուներին։ Մենք ընդհանրապես ֆինանսական ռեսուրսների պակաս չունենք և ի վիճակի ենք լրիվ ինքնուրույն առաջ տանել բարությամբ ու քնքշությամբ, անկեղծությամբ ու վեհանձնությամբ, հայրենական կոռուպցիոներների ողբերգական ապագայի ու նրանց առողջության հանդեպ հուզիչ հոգատարությամբ լի մեր լուսավոր գաղափարները։ Սակայն այս փաստը բնավ չպետք է ուրախացնի երկրի քաղաքական էլիտային, որն ապաշնորհ կերպով տապալեց եվրաինտեգրման մեծ գաղափարը։ Եվ կապված այն բանի հետ, որ ավանդական ճանապարհով Եվրոպա մտնելն անհնար դուրս եկավ հայտնի պատճառներով (Ռուսաստանի կայսերական նկրտումներ և այլն), մենք նրանց առաջարկում ենք առայսօր որևէ մեկի կողմից չհարթված այլ երթուղի։ Այդ երթուղով Հայաստանն անմիջապես կհայտնվի Անգլիայի մակարդակին, իսկ հայերը կհասնեն անգլիացիների (ամենազարգացած եվրոպացիների) մակարդակին՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ $35.000 $5000-ի, կյանքի միջին տևողությունը՝ 83 տարի 64-ի փոխարեն)։ Թե ինչպես են անգլիացիները հասել նման բարձունքների՝ պոլիշինելի գաղտնիք է։ Բայց չենք ծուլանա և բացահայտենք այն մեկ անգամ ևս. անգլիացիները տասնյակ տարիներ Բեռնարդ Շոոուին մեծ փողեր են վճարել միայն այն բանի համար, որ իրենց մասին ամենազզվելի ու խայտառակ բաները կարդան։ Արդյունքն ակնհայտ է, և մեկնաբանություններն էլ, ինչպես ասում են՝ ավելորդ են։ Բայց հիշեցնենք, որ ինքնահեգնանքի, ինքնանվաստացման, ինքնադատափետման կարողությունն ու պահանջը մեծ ազգի հատկանիշն ու արժանիքն են, քանի որ առանց դրա անհնար է դուրս պրծնել հավերժ լճացման ու դեգրադացիայի վիճակից։ Քանի որ ազգը պետք է իր մեջ քաջություն գտնի կողքից լսելու իր թերությունների ու արատների մասին, դրանից հետո միայն հնարավոր կդառնա արմատախիլ անել դրանք, իսկ հետո կգա արդյունավետ և իսկական զարգացման դարաշրջանը։ Համենայնդեպս, հակառակը պատմության մեջ դեռևս չի եղել։ Այսպիսով, արձանագրենք, որ հայրենական էլիտայի համար եզակի հնարավորություն է ստեղծվել, և արժեր, որ այն օգտվեր դրանից, քանի որ ուրիշ հնարավորություն կարող է և չլինել։ Բայց լավատես լինենք. մենք վստահ ենք, որ ՀՀ էլիտայի բարձրինտելեկտուալ անդամներն ունեն բավականաչափ հոտառություն, որպեսզի գլխի ընկնեն, թե որն է Հայաստանի եվրաինտեգրման այլընտրանքային երթուղին, ինչից հետո մեր երկրում կտիրի համատարած երջանկության դարաշրջանը։


Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք աներևակայելի ջանքեր կգործադրենք համաշխարհային հայության աստեղային ժամը մոտեցնելու համար։ Ընդհուպ պատրաստ ենք պարտավորություն ստանձնել՝ առանց ձևեր թափելու միջամտել մեր հերոսների ներքին գործերին (ներքին գործեր ասելով նկատի ունենք ներքին օրգաններն ու դրանց ֆիզիոլոգիական վիճակը)՝ վերահսկելու համար նրանց.


ա) զարկերակային ճնշումը,
բ) շաքարի պարունակությունը արյան մեջ,
գ) նյարդային սթրեսները,
դ) նյարդային ջղակծկումներով պայմանավորված աղիքային խանգարումները,
ե) չվերականգնվող նյարդային բջիջների ոչնչացման գործընթացը,
զ) արյան շրջանառության խախտումները, հատկապես գլխուղեղի հատվածում,
է) արյան շրջանառության խախտումները, հատկապես սրտի շրջանում։


Ինչ վերաբերում է մեր ընթերցողներին, ապա նրանց ներքին գործերին որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող. մենք ընդամենը երաշխավորում ենք նրանց հանգիստն ու բավականությունը, ինչպես նաև բավականաչափ սնունդ տխուր և դառը մտորումների համար։


Shame.am-ի ստեղծագործական խումբ

 

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ