Միջազգային խայտառակություն

Կքննարկի՞ արդյոք Ծառուկյանը գողականը Պեկինում

Սեպտեմբերի 1, 2014
Կքննարկի՞ արդյոք Ծառուկյանը գողականը Պեկինում

Քորար ՕՍԿԱՆՅԱՆ

Այսօր ԲՀԿ-ական պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մեկնում է Չինաստան: Պարզվում է, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, որը միակն է այդ երկրում, պատիվ է արել Ծառուկյանին հրավիրել Պեկին, որտեղ պետք է տեղի ունենան միջկուսակցական քննարկումներ:

 

 Հրավերի փաստն ինքնին հետաքրքիր է, քանի որ Հայաստանում կա Կոմունիստական կուսակցություն, և ենթադրաբար չինացի կոմունիստները պետք է հանդիպելու ցանկություն դրսևորեին հայ կոմունիստների հետ, որոնք նրանց գաղափարակիցներն են երկրի վրա կումունիզմ կառուցելու հիասքանչ գաղափարի շրջանակներում: Մինչդեռ ԲՀԿ-ն համարվում է օլիգարխաթի կուսակցություն, ավելի մեղմ և եվրոպական ձևով ասած` բուրժուական, որի վերնախավում չկա պրոլետարիատի ոչ մի ներկայացուցիչ, ընդհակառակը՝ կազմված է բացառապես մարդկանցից, ովքեր իրենց կյանքի իմաստն ու նպատակը համարում են հայ և այլ ազգերի պրոլետարիատի անխնա շահագործումն ու այդ աշխատանքի արդյունքների յուրացումը: Ավելին, ինչպես մեզ հայտնի է, հայ կոմունիստներին առնվազն վերջին տասնամյակում նման կարգի հրավեր չի արվել: Ինչո՞ւ են չինացի կոմունիստները նման անտրամաբանական ընտրություն կատարել և գաղափարակիցների հետ շփվելու փոխարեն որոշել հանդիպել գաղափարական հակառակորդների հետ:

 

 Հնարավոր է, որ չինացի կոմունիստներին իսկապես մտահոգում են հայ պրոլետարիատի շահագործման ստրկական պայմանները: Չի բացառվում, որ Հայաստանում Չինաստանի դեսպանը զանգահարել է Պեկին և իր ղեկավարությանը տեղեկացրել, որ ԲՀԿ ղեկավարին պատկանող գործարաններում բանվորները ութժամյա աշխատանքային օրվա փոխարեն աշխատում են 10-14 ժամ, իսկ դրա փոխարեն ստանում այնքան, որքան կստանային երկու ժամ աշխատելու դեպքում: Եվ չինացի կոմունիստները, որ այնքան էլ վստահ չեն, թե հայ կոմունիստներն այստեղ կկարողանան սոցիալիստական հեղափոխություն իրականացնել և Ծառուկյանին ու մյուս օլիգարխներին պատկանող գործարանները վերադարձնել բանվորներին, որոշել են ԲՀԿ ղեկավարին խոսքով բացատրել, որ բանվորների անխնա շահագործումն այնքան էլ լավ բան չի, և մի օր նրանք կարող են ըմբոստանալ իրենց դասակարգային թշնամիների դեմ: Իսկ հետևանքների մասին կարելի է իմանալ պատմության դասագրքերից, որոնք տպագրվել են մինչև 1990-ական թվականները:

 

 Հնարավոր է, որ չինացի կոմունիստները կարդացել և քաղբյուրոյի մակարդակով քննարկել են Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որտեղ նա ԲՀԿ ղեկավարին կոչ է անում դառնալ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդ և Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն կատարել: Եվ հիմա չինացի կոմունիստները Ծառուկյանին հրավիրել են Պեկին՝ բացատրելու, որ Տեր-Պետրոսյանի խելքին ընկնելն այնքան էլ լավ բան չէ: Որ, օրինակ, 1917թ. փետրվարին էլ ռուս լիբերալները բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն արեցին, բայց քիչ անց հեղափոխական շարժումն իր ձեռքը վերցրեց պրոլետարիատը, իսկ լիբերալները չհասցրին անգամ ափսոսալ, և միայն երկնային արքայությունում սկսեցին մտածել, թե  ինչու նման ախմախ քայլի դիմեցին ու էշ նահատակ դարձան:

 

 Բայց կա նաև շատ ավելի պարզ բացատրություն: Չինացի կոմունիստները հաճախ են լինում Կրեմլում և հանդիպում իրենց ռուս գործընկերների հետ: Հնարավոր է՝ նման հանդիպումներից մեկի ժամանակ սեղանին կոնյակ է դրված եղել, և չինացիներին հյուրասիրել են այդ կոնյակից, ինչը նրանց շատ դուր է եկել: «Էս կոնյակը ձեզ որտեղի՞ց, կարա՞ք մի քանի յաշիկ մեզ էլ տաք, կամ ասեք՝ որտեղի՞ց առնենք»,- հարցրել են չինացիները ռուսներին: Ռուսներն էլ բարեկամաբար խորհուրդ են տվել Չինաստան հրավիրել Ծառուկյանին : «Մի պատճատ գտեք Ծառուկյանին Չինաստան հրավիրելու, ինքն անպայման կոնյակով, զակուսկիով կգա: Մենակ մենք չէ, իրան շուտ-շուտ Բրյուսել էլ են կանչում»,- մոտավորապես այսպես է հնչել ռուսների պատասխանը:

 

Չինացիները լսել են ռուսներին ու հրավիրել պրն Ծառուկյանին իրենց երկիր՝ միջկուսակցական կոնսուլտացաների: Կախված կոնյակի քանակից ու ամենակարևորը՝ որակից, կոնսուլտացիաները կարող են շարունակական բնույթ կրել:

 

Վերջապես, ևս մեկ վարկած, որը ժխտել չի կարելի: Հայտնի է, որ Ծառուկյանի կուսակցության գլխավոր, բայց անգիր կանոնադրությունը գողականն է: Հենց գողականով են այնտեղ մանդատներ, այլ բարիքներ և պաշտոններ բաժանում: Ծառուկյանը, թեպետև ունի կասկածելի անցյալ, այնուամենայնիվ գողականում հեղինակություն է վայելում, իսկ այդ հանգամանքը, ինչպես բոլորս գիտենք, բավական հզոր զենք է ընտրական շրջաններում: Հետևաբար, Չինաստանի դեսպանը կարող էր զեկուցած լինել, հենվելով հետախուզական տվյալների վրա, որ գողականը նոր ֆենոմեն է քաղաքականության մեջ և Հայաստանում սուբստանցի է վերածվել: Իսկ քաղբյուրոն, քննարկելով այդ ինֆորմացիան, որոշել է քարը փեշից թափել և Ծառուկյանին հրավիրել Պեկին, որպեսզի տեղում պարզի, թե ինչ է գողականն ընդհանրապես և քաղաքականության մեջ՝ մասնավորապես, ինչ է իրենից ներկայացնում այդ հզոր ուսմունքի և տեսության հզոր կրողը և հնարավոր կլինի արդյոք հայ-ռուսական գողականն արտահանել Չինաստան ու ներդնել քաղաքական դաշտում:

 

Հետգրություն

 Չինացիներին Ծառուկյանը շատ վատ, կարելի է ասել՝ անտանելի անակնկալ է մատուցելու: Նա պատվիրակության կազմում ընդգրկել է Վարդան Օսկանյանին, իսկ դա տակտիկական սխալ էր, քանզի այդ այցի համար ավելի վառ թեկնածություն էր Բանգլադեշցի Համոն:  Մոսկվա գնալիս նա այդպիսի բան, իհարկե, իրեն թույլ տալ չի կարող. այնտեղ վիրավորանքը չեն հանդուրժի: Բայց խեղճ չինացիները մի կերպ պետք է դիմանան: Պատվիրակության կազմում է նաև Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության ամենահմայիչ զոքանչ  Նաիրա Զոհրաբյանը, որի անդամակցումը պատվիրակության կազմում, կարծում ենք, իրոք պահանջված է և ճիշտ:  Այնպես որ, ամեն լավ բանի դիմաց, ի վերջո, պետք է վճարել, և մենք չինացիներին մաղթում ենք ծով համբերություն:







Դիտումների քանակ 9687


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին

ՀՀԿ-ն սկսել է սիրել և հարգել կոմունիստներին

Նոյեմբերի 26, 2016


Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակ...

Չինացի գեներալի 12 բեռնատար կաշառքը

Չինացի գեներալի 12 բեռնատար կաշառքը

Նոյեմբերի 26, 2014


Երբ իրավապահ մարմինները խուզարկեցին Սյույ Ցայխոուի (Xu Caihou)՝ բարձր պաշտոն զբաղեցնող չինացի գեներալներից մեկի ռեզիդենցիան, այ...

ԱՄՆ-ը վախենում է ևս մեկ «բացառիկի» և «անփոխարինելիի» հայտնվելուց

ԱՄՆ-ը վախենում է ևս մեկ «բացառիկի» և «անփոխարինելիի» հայտնվելուց

Նոյեմբերի 16, 2014


ԱՄՆ-ը խուճապի մեջ է. ամերիկացիները լրջորեն վախենում են կորցնել աշխարհում միակ «անփոխարինելի ազգի» տիտղոսը, քանի որ արդեն հիմա ե...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը