Ռետրո խայտառակություն

Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում

Հոկտեմբերի 20, 2016
Գնդապետ Քադաֆիի ողբերգությունը գալիք աշխարհաքաղաքական աղետների համատեքստում
Հոկտեմբեր 2011, N 10


Ալեքսանդր Գարեգինյան, հրապարակախոս


Այս հոդվածը մտահղացվել և գրեթե պատրաստ էր հրապարակման «Ազգային գաղափարի» մարտյան համարում, անմիջապես այն բանից հետո, երբ արևմտյան տերությունները քթները խոթեցին լիբիական գործերի մեջ։ Սակայն դրաման այնքան գրավիչ թվաց, որ որոշեցի սպասել դրա ավարտին ու հոդվածը գրել հանգուցալուծումից հետո։ Խոստովանեմ՝ անձամբ ես նման լուծում չէի սպասում, քանի որ կարծում էի, թե սկզբունքորեն անհնար է կոտրել ժողովրդի մեծամասնությանը (նշենք, որ Մուամար Քադաֆիին աջակցում էր լիբիական ցեղերի, այսինքն՝ բնակչության 80%-ը), որովհետև դրա համար ցեղասպանության բացառիկ ակտեր կպահանջվեին (բնիկ ժողովրդի վերացում, բռնի արտաքսում)։ Այնուամենայնիվ, հանգուցալուծումը հենց այսպիսին ստացվեց, և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ավարտվեց հերթական «հեղափոխությունը»։ Ավելի ճիշտ՝ ավարտվեց դրա առաջին փուլը. գնդապետ Մուամար Քադաֆին գահընկեց արվեց և սպանվեց։ Ինչպիսին կլինեն երկրորդ, երրորդ և հաջորդ փուլերը՝ դժվար չէ ասել, քանի որ դրա համար չի պահանջվում ոչ ստեղծագործական երևակայություն, ոչ խոր քաղաքական վերլուծություն. այդ մասին այսօր խոսում ու գրում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում։ Դրա համար էլ մենք այսօր ուշադրություն կդարձնենք երկու ասպեկտի վրա, որոնց մասին չեն գրում կամ անտեղի նրբանկատության և պոլիտկոռեկտության պատճառով, կամ լավ չեն ընկալում դրանք։ Բայց մինչ այդ, այնուամենայնիվ, արժե անդրադառնալ լիբիական ողբերգությանը՝ դրա էությամբ և ժամանակագրությամբ հանդերձ։

 

ՆԵՐԱԾԱԿԱՆ

(ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ)

 

Մեծ հաշվով՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Թունիսում, Եգիպտոսում և արաբական մի քանի այլ երկրում սկսվեցին զանգվածային հուզումներ, որոնք հանգեցրին թունիսյան և եգիպտական ռեժիմների տապալմանը։ Այդ հուզումներն առաջ էին եկել իշխող օլիգարխիկ ռեժիմների կոռումպացվածությունից, օլիգարխիայի ագահությունից, համատարած անարդարությունից, տնտեսության անմխիթար վիճակից, ազգային եկամտի անարդար բաշխումից և, ի հետևանք թվարկվածի, բնակչության աղետալի սոցիալ-տնտեսական դրությունից։ Թունիսի նախագահը չդիմացավ ժողովրդական տարերքի հարվածներին և փախավ երկրից՝ չփորձելով նույնիսկ անձնական իշխանությունը պահելու համար օգտագործել ուժային կառույցները (ըստ երևույթին, պրն Բեն Ալին հասկանում էր, որ աշխարհի ոչ մի բանակ ընդդեմ ժողովրդի չի կանգնի կառավարողի կողքին, եթե նույնիսկ նրան հրամայեն անել դա)։ Մի փոքր ավելի ուշ չդիմացավ նաև Մուբարաքի ռեժիմը, որն իշխում էր գրեթե 30 տարի. նախկին գեներալը չփախավ երկրից և հրաժարական տվեց՝ հույս ունենալով նոր իշխանությունների ներողամտությանը, ինչին այդպես էլ չարժանացավ։

 

Այսպիսով, կարելի է փաստել, որ թունիսյան և եգիպտական ռեժիմների տապալումը միանգամայն կանխատեսելի էր և չէր հակասում պատմական զարգացման տրամաբանությանը, քանզի անվիճելի է, որ քաղաքացիական բնակչությանը պարբերաբար ծաղրուծանակի ենթարկելը, ինչը դրսևորվում էր քաղաքական-տնտեսական էլիտայի կոռումպացվածության և իրավական դաշտից դուրս գտնվելու տեսքով, անպայման հանգեցնում է ամեն տեսակ հանրային աջակցության կորստի և, որպես հետևանք, իշխող ռեժիմների կործանման, քանի որ նրանց միակ հենարանը՝ ուժային կառույցները, նման իրավիճակում անզոր են, որովհետև, ինչպես ասում էր Թալեյրանը Նապոլեոնին, «սվինները պիտանի են ամեն ինչի, բայց, ահա, դրանց վրա նստել չի կարելի»։ Սակայն իրավիճակը Լիբիայում էապես տարբերվում էր եգիպտականից ու թունիսյանից, ավելին՝ ընդհանուր ոչինչ չուներ դրանց հետ, բացի մի բանից՝ իշխողների քաղաքական երկարակեցությունից։ Ավելին՝ Լիբիան սոցիալական կողմնորոշմամբ տնտեսական մոդել ուներ, որն ի վիճակի էր արդարացիորեն բաշխել հանրային բարիքները։ Այնուամենայնիվ, 2010-11թթ. սահմանագծին Լիբիայում նույնպես հասարակական հուզումներ սկսվեցին, որոնք, իհարկե, այնքան զանգվածային չէին, որքան արաբական երկրներինը։ Կարծում եմ՝ «հեղափոխական» տրամադրությունները Լիբիայում հրահրվեցին սոցիալական ցանցերի կողմից և արտաքին ազդեցությամբ, քանի որ զանգվածային դժգոհությունների որևէ պատճառ (այդ թվում և սոցիալ-տնտեսական) Մուամար Քադաֆիի Ջամահիրիայում չկար։ Այս առնչությամբ հարկ է համառոտ դիտարկել գնդապետ Քադաֆիի՝ 42 տարի գործած ռեժիմի էությունը։

 

ԼԻԲԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

 

Ինչպե՞ս կարելի է բնութագրել խարիզմատիկ գնդապետի հաստատած հասարակական-քաղաքական կարգը։ Անկեղծ ասած՝ այն չի տեղավորվում արդի իրավաքաղաքական տերմինաբանության և հասկացական ապարատի մեջ. այն չի կարելի անվանել ոչ հանրապետություն (անգամ տոտալիտար), ոչ միապետություն, ոչ թեոկրատիա։ Այնուամենայնիվ, համեմատական վերլուծության դեպքում լիբիական ռեժիմը կարելի է համարել բացարձակ միապետության նման մի բան՝ չթագադրված միապետի գլխավորությամբ, որը ոչ մի պետական պաշտոն չի զբաղեցնում (հիշեցնենք, որ բացարձակ միապետությունն այն կարգն է, որի դեպքում արդեն ոչ մի դասային ներկայացուցչություն գոյություն չուներ և իշխանության բոլոր ճյուղերը պարփակվում էին անսահմանափակ իշխանություն ունեցող միապետի մեջ)։ Քադաֆիի «աբսոլյուտիզմը» լավն էր և տարածաշրջանում ունիկալ էր նրանով, որ գնդապետի ռեժիմը պլուտոկրատական չէր, օլիգարխիական էլիտա չկար, ինչը հնարավոր դարձրեց (ի տարբերություն Եգիպտոսի, Թունիսի, արաբական մյուս հանրապետությունների) համընդհանուր շահը պաշտպանելը։ Այսինքն՝ կար միայն մի գնդապետ Քադաֆի, որը վեր էր բոլոր գեներալներից, նախարարներից ու իր երկրի այլ քաղաքացիներից, բայց որը նրանց բոլորին հավասարեցնում էր իրենց իրավունքների և ազատությունների մեջ։ Եվ եթե Լիբիայում չկար, ասենք, խոսքի ազատություն, ապա այն չկար բոլորի համար, լիներ նա գեներալ, թե վրանաբնակ շարքային բեդվին։

 

ԼԻԲԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ

 

Որո՞նք էին Լիբիայի տնտեսության ձեռքբերումները Քադաֆիի օրոք։ Պետք է ասել, որ լիբիական տնտեսությունը բնույթով սոցիալիստական էր (մարքսիստական, առանց արտադրամիջոցների մասնավոր սեփականության արգելքի. հիշեցնենք, որ սոցիալիզմն ըստ Մարքսի ազատ արտադրողների ասոցիացիա էր)՝ մուսուլմանա-արաբական բնութագրական գծերով։ Դրա որակի մասին հատկանշական է անաչառ գիտակի՝ Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Չամովի խոսքը, որին հետ կանչեցին Լիբիայից անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս թույլ էր տվել իրեն չհամաձայնել արևմտյան ներխուժմանը ռուսաստանյան ղեկավարության լռելյայն հավանության հետ։ Մոսկովյան թերթերից մեկի թղթակցի «Ջամահիրիայի առաջնորդ Քադաֆին ճնշո՞ւմ էր իր ժողովրդին...» հարցին շնորհազրկված դեսպանը պատասխանել էր. «Ի՞նչ ճնշման մասին եք խոսում, երբ Լիբիայում քաղաքացիներին ազատորեն, քսան տարով անտոկոս վարկեր էին տրամադրվում բնակարան կառուցելու համար, մեկ լիտր բենզինն արժեր 10 ցենտ (մեր փողով՝ երեք ռուբլի), ուտելիքն ընդհանրապես գրեթե ձրի էր, իսկ նոր կորեական KIA ջիփ կարելի էր ձեռք բերել ընդամենը յոթ ու կես հազար դոլարով։ Հիմա այդ երկիրն այլևս գոյություն չունի»1։ (Թե ինչ արժեն ուտելիքը, հիպոթեկային վարկերը, բենզինը այնպիսի երկրներում, ինչպիսին են Ռուսաստանը, Հայաստանը, ավելի կամ պակաս չափով «դեմոկրատական» Լիտվան, Ուկրաինան, Վրաստանը և այլն, կարծում եմ՝ չարժե խոսել...)։

 

Մի քանի տող Լիբիայի տնտեսության մասին թվերով։ Նավթը կազմում էր լիբիական արտահանման 95%-ը, ՀՆԱ 25%-ը2 (դա նշանակում էր, որ լիբիական տնտեսությունը բավական «դիվերսիֆիկացված» էր, ինչի մասին երազում և ինչին ոչ մի կերպ հասնել չի կարողանում Հայաստանի վարչապետը), բյուջեի եկամուտների 80%-ը (իսկ սա նշանակում էր բյուջետային կարգապահության բարձր մակարդակ, քանի որ երբ 25% ՀՆԱ-ն ապահովում է բյուջեի մուտքերի 80%-ը, ապա դա, նախ, գերազանց է, երկրորդ՝ վկայում է այն մասին, որ Լիբիայում գանձագողությամբ չէին զբաղվում, իսկ նավթը, ի տարբերություն Ռուսաստանի, իսկապես համընդհանուր սեփականություն էր)։ Այնուհետև, լիբիական համախառն ներքին արդյունքը կազմում էր $90,6 մլրդ և 74-րդն էր աշխարհում3, իսկ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն $14.000 էր (այս ցուցանիշով Լիբիան զբաղեցնում էր 82-րդ տեղն աշխարհում և առաջ էր անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը, «եվրամիութենական» Բուլղարիան, Ռումինիան, էլ չեմ խոսում մեր հարևան Ադրբեջանի մասին4)։ Կարծում եմ՝ թվերը խոսուն են և մեկնաբանությունների կարիք չունեն։

 

Վերջապես, ամենագլխավորը քադաֆիական լիբիական տնտեսության մասին։ Կարծում եմ՝ չարժե ընթերցողին բացատրել, թե ինչ է նշանակում $14.000 ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով մի երկրում, որտեղ բենզինն արժե 10 ցենտ, և թե ինչ է նշանակում այդ նույն գումարը մի երկրում, որտեղ բենզինը 10 անգամ ավելի թանկ արժե, քանի որ դա նշանակում է ոչ այլ ինչ, քան Լիբիայի գերազանցություն բնակչության բարեկեցությամբ, ինչը, ինչպես հայտնի է, ոչ մի կերպ չի կարող հանրային դժգոհության դետոնատոր դառնալ...

 

Մի քանի տարի հետո ամերիկյան հատուկ ծառայությունները կհրապարակեն իրենց ազատագրած Լիբիայի տնտեսական ցուցանիշները, իսկ մենք չենք զլանա մեջբերել դրանք և համեմատական վերլուծություն անցկացնել Քադաֆիի ժամանակվա հետ։ Հետաքրքիր է, թե ինչպես են նրանք բացատրելու ապշեցուցիչ բացասական փոփոխություններն այդ երկրի տնտեսությունում՝ իրենց դրածոների իշխանության գալուց հետո։ Կարծում եմ՝ նրանք չեն ունենա ռուս դեսպանի քաջությունն ու պարկեշտությունը՝ խոստովանելու, որ «...այդ երկիրն այլևս չկա», և հավելելու, որ այդ երկիրն այլևս չկա իրենց մեղքով, ավելի ճիշտ՝ որովհետև նրանք իբր մտածում էին վիթխարի տարածաշրջանով մեկ «կառավարելի քաոս» հաստատել (դրա մասին՝ ստորև)։ Դե, իսկ թե ինչ կասեն լիբիացիները, երբ առաջին անգամ 40 տարվանից հետո կիմանան, թե ինչ են սովը, աղքատությունը, սոցիալական անարդարությունը, գանձագողությունը և հանրային բարիքների համատարած թալանը՝ կտեսնենք ամենամոտ ապագայում...

 

ԼԻԲԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մուամար Քադաֆին կոշտ արձագանքեց իր հրաժարականը, սահմանադրական բարեփոխումներ և նման բաներ պահանջող բողոքի առաջին հանրահավաքներին։ Ժամանակագրական առումով շատ չմանրամասնելով իրադարձությունները՝ ասենք, որ գնդապետն առաջին իսկ օրերից ցուցարարների դեմ հանեց ոստիկանական ուժերին, իսկ ավելի ուշ՝ բողոքի ալիքի ուժգնացմանը զուգընթաց, չզլացավ ընդդիմախոսների դեմ օգտագործել նաև զինված ուժերին, ներառյալ ավիացիան, ինչը, մեղմ ասած, աշխարհում դեռ ոչ ոք չէր արել։ Քադաֆին իրոք տարակուսում էր և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ են իրենից ուզում ցուցարարները, երբ իրենց երկրում, ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի, սով չկա, սոցիալական անարդարություն չկա, և հանրային բարիքներն էլ բաշխվում են հավասարաչափ։ Նաև մանկան պարզամտությամբ իսկապես տարակուսում էր, որ մարդիկ պահանջում են իր՝ Մուամար Քադաֆիի հրաժարականը, որը նախաձեռնել էր արտահանվող նավթի գների կտրուկ բարձրացումը (անցյալ դարի 70-ականների նավթային բումի մեջ լիբիացի գնդապետն իր ահռելի բաժինն ունի, ինչն ընդհանրապես վատ չէր լինի, որ ուսումնասիրվեր), ինչով նավթարդյունահանող հասարակություններին ազատեց Արևմուտքի գերշահագործումից, իսկ ավելացած եկամուտներով ստեղծեց արդիական ենթակառուցվածքներ, սեփական նավթավերամշակման ճյուղ (ինչն առայսօր չկա Իրանում) և սոցիալիստական տնտեսություն, համընդհանուր միջնակարգ կրթություն մտցրեց, այդ թվում և աղջիկների համար։ Եվ իհարկե, Քադաֆին անկեղծորեն չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է պահանջել իր հրաժարականը, երբ ինքը պետական պաշտոն չունի։ «Ես առաջնորդ եմ, ես հեղափոխության առաջնորդ եմ, իսկ առաջնորդներին պաշտոնանկ չեն անում...» (կամ նման մի բան),- ասում էր Քադաֆին՝ դիմելով իր երախտամոռ ժողովրդին։

 

Հունվարից Քադաֆին սկսեց դեղին քարտեր ստանալ արևմտյան մրցավարներից, և այնուամենայնիվ, լի էր վճռականությամբ վերջ դնելու խռովությանը երկրում և ջարդուփշուր արեց խռովարարների ուժերը՝ նրանց Բենգազի քշելով, որոնք, չնայած Արևմուտքի և արաբական մի շարք պետությունների աջակցությանը, մտածում էին երկրից փախչելու մասին։ Քադաֆիի որդին մարտի կեսին նույնիսկ ասաց, թե՝ «մենք կբացենք սահմանը, և թող կորչեն գրողի ծոցը»։ Լոնդոնում, Փարիզում և Վաշինգտոնում հասկացան, որ լիբիական իրավիճակն ամենևին նման չէ եգիպտա-թունիսյան սցենարներին, և անհնար է Տրիպոլիում ռեժիմի տապալման հասնել 20 տոկոսանոց ընդվզող էլեկտորատի ուժերով, քանի որ երկրի բնակչության մնացյալ 80%-ը գնդապետ Քադաֆիի հենարանն էր։ Սակայն արևմտյան տերությունները չէին կարող թույլ տալ, որ «հեղափոխությունը» Լիբիայում տապալվի, քանի որ սպառնալիքի տակ էր հայտնվում Մեծ Մերձավոր Արևելքում «կառավարելի քաոսի» ռեժիմի հաստատման վիթխարի պլանը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը տափակ էր՝ «խաղաղ քաղաքացիական բնակչության» պաշտպանություն բռնապետ Քադաֆիից, և ս.թ. մարտի 19-ին սկսվեց ՆԱՏՕ-ի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանությանն արժանացած ռազմական ինտերվենցիան (ավելորդ չէ ասել, որ Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը, որոնք չօգտվեցին ՆԱՏՕ-ական հերթական ագրեսիայի վրա վետո դնելու իրավունքից, ոչ մի կերպ չէր համապատասխանում ինչպես նրանց շահերին տեսանելի ապագայում, այնպես էլ մեծ տերությունների կարգավիճակին)։

 

Արևմտյան դաշնակիցների «հերոսական ավիացիան» յոթ ամսվա ընթացքում 26.000 (!!!) մարտական թռիչք կատարեց (այսինքն՝ ամեն օր՝ 124 հերոսական թռիչք)։ Ռմբակոծեցին այն ամենը, ինչ հնարավոր էր ռմբակոծել, սպանվեց 50.000 լիբիացի, որոնցից արևմտյան հանրությանն առանձնակի հրճվանք պատճառեց Քադաֆիի որդիներից մեկի ու մի քանի թոռնիկների զոհվելը ՆԱՏՕ ռմբահարումներից։ Հասկանալի է` նման գազանության համար ոչ ոք ոչ միայն ներողություն չխնդրեց (այնուամենայնիվ, նշանառու կրակով ՄԱԿ անդամ սուվերեն երկրի լեգիտիմ առաջնորդի ընտանիքն սպանելը, քողարկվելով «խաղաղ բնակչությանը» պաշտպանելով, աննախադեպ երևույթ էր համաշխարհային պատմության մեջ), այլև անգամ չկարմրեց էլ։ Բայց գլխավոր ավարը հենց Քադաֆիի դիակն էր, որին ոչ ոք չէր պատրաստվում ողջ բռնել, քանի որ կենդանի Քադաֆին Լիբիայի նոր «դեմոկրատական իշխանության» ու նրա հովանավորների ամենավտանգավոր թշնամին էր։

 

ՆԱՏՕ գործողությունն ավարտված է. գնդապետ Քադաֆին տապալված է և սպանված, Լիբիայում նոր իշխանություն է հաստատվել։ Սակայն քաղաքացիական պատերազմի սպառնալիքը պահպանվում է, ինչն, ի դեպ, առանձնապես չի հուզում արևմտյան խաղաղարարներին, որոնք ռազմական գործողությունը դադարեցրին հոկտեմբերի 31-ին։ Նշենք, որ այն քաղաքացիական անձինք, որոնք պաշտպանում են արևմտյան հանրության թշնամիներին, արևմտյան տերությունների կողմից երբեք չեն դիտվել որպես քաղաքացիական բնակչություն։ Այդպես էր Հարավսլավիայում, երբ ՆԱՏՕ-ն բացահայտորեն աջակցեց սերբերի վտարմանն ու ոչնչացմանը Բոսնիայից, Խորվաթիայից, Կոսովոյից։ Այդպես կլինի նաև Լիբիայում։ Օրինակ, Թավարղա քաղաքը, որը հազարամյակների պատմություն ունի, այժմ քաղաք-ուրվական է։ Այս քաղաքի բնակիչների հանցանքն այն էր, որ աջակցել էին Քադաֆիին։ Զգուշանալով հաղթանակողների հաշվեհարդարից՝ այս քաղաքի բնակիչները ստիպված էին փախչել անապատ։ Հազիվ թե նրանց հաջողվի վերադառնալ իրենց տները, քանի որ այնտեղ տերուտնօրեն են դարձել նոր իշխանության մարտիկները, իսկ արևմտյան տերությունները հազիվ թե օգնեն նրանց, որովհետև, ինչպես վերն ասվեց, նրանք «խաղաղ քաղաքացիական բնակչություն» չեն, որին կարող էին աջակցել ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը։ Թավարղայի նման քաղաքները Լիբիայում տասնյակներով են հաշվվում։ Բայց գլխավորը, իհարկե, ՆԱՏՕ «խաղաղարար» գործողության շնորհիվ ամեն ինչից զրկված հարյուր հազարավոր լիբիացի քաղաքացիների ճակատագիրը չէ, գլխավորն այն է, ինչ ասում է այդ հումանիտար կազմակերպության շատ տաղանդավոր գլխավոր քարտուղարը. «Մենք բարդ գործողությունն իրականացրինք ավելի արագ, քան երբևէ արվել էր ավելի վաղ։ Մենք այն արդյունավետ անցկացրինք, ճկուն և ճշգրիտ, տարածաշրջանի բազմաթիվ գործընկերների մասնակցությամբ։ Մեր ռազմական աշխատանքն ավարտվեց։ Մենք դա արեցինք Լիբիայի ժողովրդի հետ միասին, որպեսզի նա կարողանա իր ապագան վերցնել իր ձեռքը»։ Ահա այսպես, կարճ, հստակ և նույնիսկ հակիրճ։ Ճիշտ էր Պուշկինը՝ ասելով, թե կարճառոտությունը տաղանդի քույրն է, իսկ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ռուս պոետի իրավացիության փայլուն հաստատումն է։

 

ՄՈՒԱՄԱՐ ՔԱԴԱՖԻԻ ԱՆՁԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐ

 

25 տարեկանում կապիտան Մուամար Քադաֆին թքեց Լիբիայի թագավորի վրա և իր զորամիավորմամբ մասնակցեց 1967թ. Վեցօրյա պատերազմին՝ հանդես գալով իր քաղաքական ուսուցչի՝ Գամալ Աբդել Նասերի կողմում։ Երկու տարի անց՝ 1969-ին, թագավորական զինված ուժերի մայոր Մուամար Քադաֆին գահընկեց արեց թագավորին, վերացրեց միապետությունը և հանրապետական ռեժիմ հաստատեց, որը գոյատևեց 42 տարի։ Ասվածը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ հանձին Քադաֆիի գործ ունենք հազվադեպ քաղաքական կամք, խարիզմ, հանդգնություն, խիզախություն, անսովոր ուղեղ ունեցող արտասովոր անհատի հետ. համաձայնենք, որ Քադաֆիի ընդդիմախոսներն արևմտյան առաջնորդների շարքում հազիվ թե ունենան մեկ տասներորդն այն ամենի, ինչով ճակատագիրն օժտել էր Քադաֆիին։ Կարելի՞ է արդյոք պատկերացնել ներկայիս բրիտանական վարչապետին 27 տարեկանում բրիտանական միապետության հիմքերի դեմ ոտնձգություն անելիս։ Նույնիսկ ծիծաղելի է նման հարցեր տալը։ Այս առնչությամբ մոսկովյան քաղաքագետ Ալեքսանդր Չեռնիցկին գրում է ահա այսպիսի ճիշտ բաներ՝ դեռ գարնանը համեմատական տիպաբանական վերլուծություն անցկացնելով Քադաֆիի և նրա հակառակորդների միջև. «Նայեցեք դեմագոգ և խաղաղության Նոբելյան մրցանակակիր Օբամային, անընդհատ «ախպերջան» վիճակներում գտնվող բոնապարտիկ Սարկոզիին կամ Բեռլուսկոնիին, մի տղամարդ, որն ի վիճակի չէ նորմալ կնոջ գայթակղել, ինչի պատճառով էլ քարշ է գալիս պոռնիկների հետ։ Խղճուկ այս ընկերախումբը լրացնում են կարիերային դիվանագետ Պան Գի Մունը, «բարոնուհի» Էշթոնը, կուսակցական ֆունկցիոներ Ֆոգ Ռասմուսենը։ Կանադայի և Բելգիայի, Նիդեռլանդների և Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի, Հունաստանի և Իսպանիայի կառավարությունները ղեկավարվում են անդամավճարներով ապրելու ճիշտ նույնպիսի «պրոֆեսիոնալ սիրահարներով»՝ Հարփեր և Լեթերմ, Ռյուտտե և Լարս Ռասմուսեն, Սթոլթենբերգ և Ռայնֆելդտ, Պապանդրեու և Սապատերո։ Հա՜, քիչ մնաց մոռանայինք թուրքական վարչապետ Էրդողանին՝ կենդանաբանական հակասեմիտիստին ու «խաղաղության նավատորմը» հանդերձավորողին, որը բացատրվում է միայն պատերազմի լեզվով։

 

Ի դեպ, պատասխանեք ինքներդ ձեզ, ընթերցող, համաձա՞յն եք արդյոք հետախուզության գնալ Դևիդ Քեմերոնի՝ կոկած-պետլած, փափկասուն բրիտանական վարչապետի հետ։ Մի քանի տարի իրար հետևից նա խաբում էր ընտրողներին, երբ ցուցադրաբար հեծանվով էր գնում խորհրդարան, այն դեպքում, երբ հետո գաղտնի մեքենա էր վարում կոստյումներով, նոութբուքով, պորտֆելով և այլ զիրթուզիբիլով։ Այն ժամանակ սույն ականավոր կոնսերվատորը սկզբում կոչ էր անում ներխուժել Իրաք, ինչից հետո պահանջում էր հետաքննել այդ ներխուժման պատճառները։ Սադամ Հուսեյնին գոնե կասկածում էին զանգվածային զենք ստեղծելու մեջ, բայց Քադաֆիի նկատմամբ վաղո՜ւց նաև այդ կասկածները չկան։

 

Լիբիացի խարիզմատիկի հակառակորդների կյանքի ուղիները մինչև ուղնուծուծը հագեցած են երկակի ստանդարտներով՝ ստով, ուխտադրժությամբ, ստորությամբ։ Ծանոթացեք. Բուլղարիայի նախագահ Պիրվանով՝ Բուլղարիայի կոմկուսի պատմության ինստիտուտի նախկին աշխատակից և Բուլղարիայի Պետական անվտանգության կոմիտեի նախկին գործ տվող։ Համադ բին Խալիֆան զավթեց իշխանությունը Կատարում՝ դավաճանելով սեփական հորը, երբ նա բուժման նպատակով գտնվում էր արտասահմանում։ Ոմն Ան-Նահայան բարձրագույն պաշտոն է զբաղեցնում ԱՄԷ-ում միայն այն բանի հիման վրա, որ ծնվել է որպես Աբու-Դաբիի՝ նավթով ամենահարուստ էմիրության էմիրի որդի։ Ռումինիայի ռևանշիստ նախագահ Բեսեսկուն ժամանակին քիչ չի փորձել անեքսիայի ենթարկել Մոլդովան»5։

 

Համաձայնենք, որ այս տողերի հեղինակի հետ դժվար կլինի վիճել։ Բայց, անշուշտ, անվիճելի է նրա հետևյալ միտքը. «Քադաֆիին չընդունելը հիմնվում է մեծության հանդեպ ոչնչությունների ատելության, շատ ավելի թույլ, բայց անկախ մտածող պետական գործչին ծնկի բերելու անհնարինության վրա։ Լցնելով ուղեղը՝ նման զգացումն արգելափակում է տարրական տրամաբանությունը»։

 

Հասկանալի է՝ միայն Ալեքսանդր Չեռնիցկին և մենք չէ, որ գիտակցում ենք Քադաֆիի մեծությունը և նրա հակառակորդների նսեմությունը. դա գիտակցում են նաև իրենք՝ սպանված գնդապետի ընդդիմախոսները։ Իսկ ի՞նչ է անելու այն մարդը, որը գիտակցում է իր նսեմությունը և հակառակորդի գերազանցությունը, և որն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթել հակառակորդին ազնիվ և ճիշտ մենամարտում, բայց որն ավելի շատ փող և զենք ունի։ Հասկանալի է՝ նա ստորություն է անելու, ուխտադրուժ, անբարո գործողություններ՝ թշնամուն ծնկի բերելու համար, որին ի վիճակի չէ ինքնուրույն հաղթել՝ չխախտելով խաղի ազնիվ, բոլորի կողմից ընդունված կանոնները։ Հենց այս գիտակցությունն էլ իրականության մեջ վերածվում է գնդապետի քնած թոռնիկների սպանության, ինչը չի դատապարտվում այսպես կոչված «քաղաքակիրթ» արևմտյան հանրության կողմից։ Եվ հենց սա (և այլ բարբարոսություններ) ստիպեց երկրագնդի բոլոր նորմալ, բորբոքված երևակայություն և հիվանդ բանականություն չունեցող մարդկանց հարգել քաջարի գնդապետի անձը, որը համարձակվեց միայնակ դիմակայել մեծ տերություններին՝ հանուն իր երկրի ինքնիշխանության և ամբողջականության, իր ժողովրդի բարեկեցության պահպանման, և որ ամենագլխավորն է՝ հանուն սեփական արժանապատվության։

 

Արևմուտքի լիդերների դեմ Քադաֆիի դիմակայության մեջ անձնային գործոնը, անշուշտ, տեղ ուներ և իր դերն է խաղացել կոնֆլիկտի սրման գործում՝ դրան հաղորդելով անմարդկային, գազանային երանգներ։ Իսկ ինչ վերաբերում է բուն կոնֆլիկտին, ապա, անշուշտ, այն ամեն դեպքում տեղի էր ունենալու. Միացյալ Նահանգներին կառավարելի քաոս էր հարկավոր, որի պատնեշներից մեկն էլ Լիբիայի կայուն, մոնոլիտ հասարակությունն էր՝ խարիզմատիկ գնդապետի գլխավորությամբ։ Եվ իհարկե, եթե գնդապետ Քադաֆին մարդկային բոլոր հատկանիշներով չգերազանցեր իր բոլոր հակառակորդներին, ապա, անշուշտ, անձամբ նրան այլ ճակատագիր կսպասեր։ Թե ինչպիսին՝ չգիտեմ։ Բայց միանշանակ կարելի է ասել, որ ոչ վայրենի սպանություն, գրեթե բոլոր զավակների մահ և երաշխավորված անմահություն մահվանից հետո։

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՈՒԱՄԱՐ ՔԱԴԱՖԻԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Իհարկե, Մուամար Քադաֆին անհարմար գործընկեր էր համաշխարհային հանրության և, մասնավորապես, Արևմուտքի համար։ 1970-ականներին նա վերացրեց ամերիկյան և բրիտանական բոլոր բազաները, կանգնեց արևմտյան հանրության հետ առճակատման ճանապարհին։ Արաբ նացիոնալիստ լինելով՝ նա պանարաբիզմի կողմնակիցն էր, մասնավորապես՝ քանիցս արաբական մի շարք երկրների առաջարկել է միավորվել իր երկրի հետ։ Այսպես, 1973թ. Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի հետ պայմանավորվել էր Լիբիայի և Եգիպտոսի միավորման շուրջ, իսկ երբ Սադաթը հապաղեց պայմանավորվածությունն իրականացնել, Քադաֆին 40 հազարանոց երթ կազմակերպեց դեպի Կահիրե՝ Սադաթի վրա ճնշում գործադրելու նպատակով, որը կանգնեցվեց եգիպտական անվտանգության ուժերի կողմից Կահիրեից 300 կմ հեռավորության վրա։ Սա խոսում է այն մասին, որ Քադաֆին իսկապես գաղափարի մարդ էր և իշխանությունը գործադրում էր գաղափարի իրագործման, այլ ոչ թե անձնական շահերի համար, քանի որ ակնհայտ է, որ, ասենք, Եգիպտոսի հետ Լիբիայի միավորման պարագայում նոր պետության ղեկին նա չէր հայտնվի։

 

Քադաֆիի մյուս հետաքրքիր նախաձեռնությունն ընդհանուր պաղեստինա-իսրայելական պետության ստեղծման պլանն էր, որն առաջադրել է 2003թ.։ Ըստ էության, դա իրատեսական պլան էր, միայն թե դրանով չհետաքրքրվեցին մեծ տերությունները։ Քադաֆին, մասնավորապես, առաջարկում էր հետևյալը. պաղեստինցի փախստականների վերադարձ իրենց հողերը, բազմազգ պետություն՝ լիբանանյան մոդելով կազմակերպված, ազատ ընտրություններ ՄԱԿ հսկողության ներքո, միավորված հրեական-պաղեստինյան խորհրդարան, բոլոր սպառազինությունների ոչնչացում Մերձավոր Արևելքում։ Ինչպես տեսնում ենք, այնքան էլ անիրատեսական չէր, որպեսզի իրականություն դառնար։

 

Սակայն գնդապետ Քադաֆին նաև ահաբեկչության էր դիմում, երբ արևմտյան տերությունների դեմ պայքարի այլ միջոցներ չէր ունենում։ Մասնավորապես, նրա անունը կապում էին «Սև սեպտեմբերի» հովանավորման հետ (թեև ապացուցված չէ նրա առնչությունը Մյունխենյան օլիմպիադայի սպանդին), սակայն Արևմտյան Բեռլինի դիսկոտեկում հնչած պայթյունի պատասխանատվությունից խուսափել Քադաֆիին չհաջողվեց. Ռոնալդ Ռեյգանը 1986թ. ապրիլին հրաման արձակեց Լիբիան գնդակոծելու մասին, ինչի արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեջ՝ Քադաֆիի խորթ աղջիկը։ Երեք տարի անց գնդապետը կազմակերպեց Շոտլանդիայի օդային տարածքում ամերիկյան քաղաքացիական օդանավի պայթյունը և ենթարկվեց միջազգային ընկերակցության դաժան պատժամիջոցների։ Որ գնդապետը «սիրում» էր ահաբեկչությունը՝ վկայում էր նաև բոլոր երկրների ու ամեն տեսակի գրոհայինների համար իր երկրում մարզաճամբարների և նման շատ բաների առատությունը։

 

Գնդապետի արտաքին քաղաքականության և միջազգային ընկերակցության հետ հարաբերությունների մասին կարելի է շատ և երկար խոսել, բայց դրա կարիքը չկա։ Հարկավոր է միայն ամրագրել այն, որ Մաղրիբի՝ ածխաջրածիններով հարուստ պետությունը շրջապատող աշխարհի, այդ թվում և արաբական ու աֆրիկյան հարևանների հետ, էլ չենք խոսում Արևմուտքի մասին, խնդիրներ չունենալ չէր կարող, քանի որ հակառակ դեպքում անհրաժեշտ կլիներ հրաժարվել Լիբիայի սուվերենությունից և ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականությունից (հայտնի պատճառներով)։ Գնդապետ Քադաֆին ընտրեց իր երկրի շահերը, ինչի համար վճարեց կյանքով և իր ստեղծած պետությունով. Լիբիայում այսուհետ ինքնուրույնություն չի լինի ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մեջ, քանզի սուվերենությունը Մաղրիբից մինչև Ինդոնեզիա երկրների արտաքին և ներքին գործերում հակացուցված է «կառավարելի քաոսի» ամերիկյան ռազմավարությանը։

 

ՔԱՈՍ...

 

Այն պահից սկսած, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Անվար Սադաթը և վերանայեց իր երկրի աշխարհաքաղաքական գերակայությունները (Նասերը Խորհրդային Միության հերոս էր և գործում էր ԽՍՀՄ ուղեծրում, իսկ ներքին քաղաքականության մեջ հետևում էր սոցիալիստական տնտեսական մոդելին) դեպի ԱՄՆ կողմնորոշմամբ, Եգիպտոսը դարձավ ամերիկացիների առանցքային դաշնակիցն ու գործընկերը տարածաշրջանում։ Հաշտվելով Իսրայելի հետ և «տզրուկի պես կպչելով» ամերիկյան հարկատուի գրպանին՝ Եգիպտոսը 30 և ավելի տարի մնաց տարածաշրջանում ամերիկյան շահերի հավատարիմ կողմնակիցը, երբեք չհակառակվեց Վաշինգտոնին, լուռ կամ էլ բարձրաձայն պաշտպանեց նրա բոլոր նախաձեռնությունները։

 

Սակայն եգիպտական ռեժիմի համար ծայրահեղ պահին ամերիկյան վարչակազմը հրաժարվեց պաշտպանել իր հավատարիմ դաշնակցին. Բարաք Օբաման Հոսնի Մուբարաքին հորդորեց հրաժարական տալ՝ լավ գիտակցելով, որ Մուբարաքի հեռանալով Եգիպտոսում լայն տարածք է բացվում ամեն տեսակ իսլամիստների համար, իսկ այն, որ Եգիպտոսն իսլամական ֆունդամենտալիզմի հայրենիքն է, հաստատման կարիք չունեցող փաստ է։

 

Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ ամերիկյան վարչակազմը լռելյայն հավանություն է տալիս դաշնակից երկրում ռեժիմը փոխելուն՝ ապագայի հստակ տեսլական և գործողությունների կոնկրետ ծրագիր չունենալով, ընդ որում՝ հասկանալով, որ, նախ, ապագա եգիպտական ռեժիմը երբեք այնքան լոյալություն և հնազանդություն չի ցուցաբերի ամերիկացիներին, ինչպես Սադաթ-Մուբարաքի օրոք էր, երկրորդ՝ ամերիկյան շահերի առաջմղումն ու իրագործումը խնդրահարույց կդառնան։ Հետևաբար, տրամաբանական է ենթադրել, որ ամենևին խելամիտ չէ հրաժարվել կայունությունից, որոշակիությունից և կանխատեսելիությունից՝ հօգուտ անկանխատեսելիության, անորոշության և անկայունության։ Սակայն սա՝ միայն առաջին հայացքից։ Իսկ եթե դիտարկենք, թե ինչի կարող են հանգեցնել անկայունության աղեղն ու, մեղմ ասած, բարդակը Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ողջ տարածքում, ապա երկու հետաքրքիր բան կհայտնաբերենք։

 

Առաջին. հայտնի է, որ ամերիկացիների պարտքը գերազանցում է թույլատրելի բոլոր նորմերը, իսկ ԱՄՆ դոլարը ոչնչով ապահովված չէ, բացի մի, թերևս, ամենագլխավոր բանից՝ դրա պահանջարկից։ Իսկ դոլարի պահանջարկը կարելի է պահել-պահպանել միայն աշխարհաքաղաքական աղետների, անորոշության և անկայունության պայմաններում։ Հետևաբար, դոլարի պահպանումը որպես հիմնական համաշխարհային արժույթի՝ առանց աշխարհում դրա բարձրացված պահանջարկի, իրական չի թվում, դրա համար էլ անկայունության աղեղն այն տարածքում, որտեղ կենտրոնացված են հիմնական համաշխարհային էներգառեսուրսները, և որտեղ ապրում է մեկ միլիարդ մարդ, շատ ձեռնտու է ամերիկյան տնտեսությանը, որն էլ ամերիկյան քաղաքականության և աշխարհաքաղաքականության բուն էությունն ու իսկական որոշողն է։

 

Երկրորդ. Մաղրիբից մինչև Ինդոնեզիա անկայունության աղեղը, որն էլ հրահրում է «կառավարելի քաոսը», ևս մեկ կարևոր, գլոբալ դերակատարում ունի Միացյալ Նահանգների համար. այն ուղղված է Ռուսաստանի և Չինաստանի՝ երկու մեծ տերությունների դեմ, որոնք բազմաբևեռ աշխարհի պոտենցիալ սյուներն են։ Անշուշտ, այս երկրների համար ապրելը և զարգանալն այնպիսի պայմաններում, երբ ավելի հարավում, արևելքում և արևմուտքում քաոս է տիրում, այն էլ՝ Ատլանտիկայի այն կողմից կառավարվող, դժվար և խնդիրներով լի է լինելու, մանավանդ որ քաոսի մեջ ներառված երկրների ներքին և արտաքին գործերին նրանք ազդելու այնքան էլ շատ հնարավորություն չեն ունենալու (կամ դա անբավարար է լինելու)։ Այսպիսով, կես դարի ընթացքում մեր դիտարկման առարկա հանդիսացող տարածաշրջաններում ձևավորված պատկերի գլոբալ փոփոխությունը ոչ ռազմավարական, ոչ մարտավարական առումներով չի համապատասխանում Ռուսաստանի և Չինաստանի շահերին։ Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, գուցե, մարտավարապես «կառավարելի քաոսը» նրա վրա դրականորեն անդրադառնա (Ռուսաստանի և Չինաստանի զարգացման պոտենցիալի թուլացման իմաստով), բայց ռազմավարական առումով ամերիկացիների հնարքը ողջ Եվրոպայի համար լուրջ խոչընդոտ կդառնա՝ այստեղից բխող հանգամանքներով. չմոռանանք, որ Մաղրիբում և Մերձավոր Արևելքում քաոսի առաջին հարվածներն իր վրա կվերցնի հենց Եվրոպան (ինչպես Թունիսից, Լիբիայից, Եգիպտոսից և այլ տեղերից վերջին շրջանի փախստականների պարագայում)։ Ուրեմն, արժե՞ արդյոք, որ Չինաստանը և Ռուսաստանն այսուհետ ևս չհակադարձեն ԱՄՆ քաղաքականությանը, իսկ Եվրամիությունն ընթանա ամերիկացիների նավարկուղով։ Սրանք հարցեր են, որոնք պետք է, որ արժանանան շահագրգիռ երկրների իշխող շրջանակների ուշադրությանը։

 

ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

 

Թունիսում իսլամիստներն արդեն պատկառելի տեղ են գրավել խորհրդարանում և հայտարարում են քաղաքական իսլամին հավատարմության մասին, թեև առայժմ չեն պատրաստվում վերանայման ենթարկել պետության աշխարհիկ հիմքերը։ Եգիպտոսում ծանրակշիռ աջակցություն ունեն «Մուսուլման եղբայրները», որոնցից Արևմուտքը միշտ խրտնել է։ Արդեն վատացել են հարաբերություններն Իսրայելի հետ, որն ամենևին էլ հիացած չէ «արաբական գարունով»։ Թուրքիան առել է փոփոխությունների հոտն ու կարծում է, թե շուտով գալու է դեպի Հարավ և Արևելք նետվելու պահը, ինչը շատ հոգեհարազատ է վարչապետ Էրդողանին՝ ծպտյալ նեոօսմանիստին ու պանթյուրքիստին։ Լիբիայի ապագան խիստ աղոտ է. հազիվ թե այդ պետությունը պահպանվի որպես մեկ ամբողջություն. ամենայն հավանականությամբ, այնտեղ քաղաքացիական պատերազմի ականատեսը կլինենք՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Հերթը Սիրիայինն է։ Միանշանակ կարելի է ասել, որ Ասադի ռեժիմը դատապարտված է. դժվար է ասել, թե որքան կդիմանա Հաֆեզ Ասադի որդին, բայց այն, որ կձգտեն մեթոդաբար վերջ տալ նրան, փաստ է։ Առայժմ առավել նախընտրելի է թվում Իրանի դրությունը, այն էլ՝ միայն այն պատճառով, որ այդ երկրում փոքրիշատե ընկալելի ներքին ընդդիմություն չկա, որից ամերիկացիները կկարողանային կառչել և գործը հասցնել ջախջախիչ ավարտի։ Ալժիրում, մեր կարծիքով, առանձնապես ոչինչ չեն ձեռնարկի, քանի որ այդ երկրում դրությունն առանց այդ էլ մոտ է քաոսին, այնպես որ՝ ալժիրցիները հերթի մեջ վերջին տեղերից մեկում են, ինչի համար էլ կարելի է նրանց շնորհավորել։ Իսկ Իրաքում արդեն ամեն ինչ պատրաստ է` քաոսն էլ, դեռ մի բան էլ ավելի: Մի խոսքով` ահա այսպիսի բաներ...

 

Հայաստանը, իհարկե, հայտնվում է աննախանձելի և ամենաանկանխատեսելի դրության մեջ։ Քաոսը լավ է նրանով, որ դժվար է այդ վիճակում կանխատեսումներ անել։ Կարծում եմ՝ մենք պետք է զգույշ լինենք, կշռադատված, և որ ամենագլխավորն է՝ հասնենք ներքին անդորրի, որը վերահաս գլոբալ աղետների պայմաններում օդի պես հարկավոր է մեզ։

 

1http://www.mk.ru/politics/interview/2011/03/23/575076-rezhim-kaddafi-mozhet-proderzhatsya-trichetyire-mesyatsa.html

2https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ly.html

3Նույն տեղում։

4https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2004rank.html?countryName=Libya&countryCode=ly&regionCode=afr&rank=82#ly

5http://www.apn.ru/publications/article24054.htm


Աղբյուրը` Ազգային Գաղափար






Դիտումների քանակ 123310


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ...

Հայ-ադրբեջանական թախիծ

Հայ-ադրբեջանական թախիծ

Հուլիսի 13, 2017


Թուրքիայից տեղեկություն է ստացվել, որը նույն կերպ տխուր է թե՛ մեր և թե՛ ադրբեջանցիների համար։ Այդ երկրի ՆԳՆ-ն հրապարակել է երկր...

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

Հունվարի 11, 2017


Հայ ծխախոտագործներն անցնող տարում դժգոհելու առիթ կարծես թե չէին ունեցել: Արտահանման ծավալներն աննախադեպ աճ էին գրանցել: Եվ ստաց...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Պատերազմը Սիրիայում. Թուրքիան բացահայտ պատերա՞զմ է սկսել քրդերի դեմ

Հոկտեմբերի 24, 2016


Ռուսաստանի Զինված ուժերի և սիրիական կառավարական բանակի հայտարարած հումանիտար դադարը Հալեպում «լիցքաթափման» չհանգեցրեց. բոլոր կո...

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Քադաֆիի սպանության տարելիցի առիթով

Հոկտեմբերի 20, 2016


Ուղիղ հինգ տարի առաջ սպանվեց Մուամար Քադաֆին, ինչից հետո Արևմուտքը հապճեպ հայտարարեց լիբիական պատերազմի ավարտի մասին։ Հիմա այդ ...

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Հունվարի 23, 2016
1

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայի հակամարտությանը ռազմական լուծում տալու պատրաստակամության մասին, եթե քաղաքական լո...

Էրդողանը՝ ահաբեկիչների զինակից

Էրդողանը՝ ահաբեկիչների զինակից

Դեկտեմբերի 14, 2015


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ծրագրում է օգնել ԻՊ ահաբեկիչներին՝ գրավելու Սիրիայի հյուսիսի տարածքի մի մասը, ասել է «Ջաբհաթ ա...

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Կանադայում ուկրաինացիների կեղտոտ գործն են անում

Դեկտեմբերի 4, 2015


Ինչպես երևում է, կանադացիները քիչ են տարբերվում ուկրաինացի ռուսատյաց նեոնացիստներից. կանադական պորտալներից մեկում զետեղվել են ռ...

ԱՄՆ-ը արդեն բացահայտորեն պաշտպանում է ԻՊ-ին

ԱՄՆ-ը արդեն բացահայտորեն պաշտպանում է ԻՊ-ին

Սեպտեմբերի 24, 2015


Ամերիկյան վարչակազմն օրեցօր ավելի ակնհայտորեն է ցուցադրում, որ «Իսլամական պետությունն» իր նախագիծն է։ Հենց դրա համար էլ ամերիկա...

Թուրքի սխալն ու քաղաքակրթվածի ուղղումը

Թուրքի սխալն ու քաղաքակրթվածի ուղղումը

Հուլիսի 27, 2015


Երբ լուր տարածվեց, թե իբր Թուրքիան կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Իսլամական պետության զինյալների հանդեպ, բոլորը զարմացան ոչ այ...

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հիմա դու հեղափոխակա՞ն ես, թե՞ աղանդավոր

Հուլիսի 27, 2015
1

Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու թեման հետզհետե վերածվում է համընդհանուր քննարկման նյութի: Եվ եթե նույնիսկ ներ...

Սաքունցը երազում ФСБ-ի ուրվական է տեսել

Սաքունցը երազում ФСБ-ի ուրվական է տեսել

Հուլիսի 25, 2015


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն էր անցկացրել ...

ԱՄՆ-ը Մակեդոնիայում «գունավոր հեղափոխություն» է պատրաստում «Թուրքական հոսքի» դեմ

ԱՄՆ-ը Մակեդոնիայում «գունավոր հեղափոխություն» է պատրաստում «Թուրքական հոսքի» դեմ

Մայիսի 8, 2015


Մակեդոնիայի մայրաքաղաում՝ Սկոպիեում, ընդդիմությունը փորձել է զավթել կառավարության շենքը։ 20 մարդ, նրանցից 13-ը՝ ոստիկան, վիրավո...

Ռուսաստանը Հայաստանում «գունավոր հեղափոխություն» (անհայտ գույնի) հրահրեց

Ռուսաստանը Հայաստանում «գունավոր հեղափոխություն» (անհայտ գույնի) հրահրեց

Հունվարի 16, 2015
1

Կատարվե՜ց։ Սառույցը շարժվե՜ց։ Վերջապես «գունավոր հեղափոխությունների» ուրվականները Հայաստան հասան։ Բայց որոշ վերապահմամբ՝ ռուսակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ