Միջազգային խայտառակություն

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2016
«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ
Զրույց ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, մարշալ Դմիտրի Տիմոֆեևիչ Յազովի հետ
 
 
Թղթ. Վերջերս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկեց հանցավոր համարել Գորբաչովի և Ելցինի գործունեությունը։ Վատ չէր լինի նրանց միացնել նաև «թանկագին Նիկիտա Սերգեևիչին»։ Հարմար առիթն էլ կա. լրացավ այն «պատմական» զեկուցման 60-ամյակը, որը Նիկոլայ Ստարիկովն անվանեց «հերյուրանքների, ստի ու զրպարտության ժողովածու», իսկ ամերիկացի պատմաբան Գրովեր Ֆերը՝ «հակաստալինյան ստորություն»։
 
Դ.Տ. Յազով. Նկատի ունեցեք, սկսելով խրուշչովյան զեկուցման վերլուծությունը՝ քննախույզ ամերիկացին, բախվելով առաջին անհամապատասխանություններին, զգուշավոր եզրահանգում է անում. «հանցավոր խարդախությո՞ւն»։ Առայժմ հարցական նշանով։ Աշխատանքի վերջում նա արդեն կասկածներ չուներ. «Փակ զեկուցման» բոլոր պնդումներից, որոնք ուղղակի «մերկացնում» էին Ստալինին կամ Բերիային, ոչ մեկը ճշմարտացի չէր»։  Մեզ մոտ այս թեմայով բազմաթիվ ազնիվ, լուրջ հետազոտություններ են արվել։ Ես նկատի ունեմ Արսեն Մարտիրոսյանի, Յուրի Ժուկովի, Ելենա Պրուդնիկովայի, այդ նույն Նիկոլայ Ստարիկովի գրքերը։ Միայն թե ցանկանալ է պետք՝ լսել ճշմարտությունը։
 
Թղթ. Բայց դժբախտությունն այն է, որ մեր ընդդիմախոսներին ճշմարտությունը պետք չէ։ Թեև նրանց ամբարտավանությունը դրանից փոքր-ինչ կոտրվում է։ Վերջերս «հոբելյանական զեկուցումը» քննարկող հեռուստատեսային հաղորդման մեջ հակաստալինականներին արժանի հակահարված տվեցին Նիկոլայ Ստարիկովը, Վիտալի Տրետյակովը, Կարեն Շահնազարովը, Սերգեյ Շարգունովը։ Ես գիտեմ, որ 1956թ. Դուք սովորել եք Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի վերջին կուրսում։ Ինչպե՞ս ձեր կոլեկտիվում ընդունեցին Խրուշչովի «հայտնությունները»։

Դ.Տ. Յազով. Մեզ համար, որ դեռևս բոլորովին վերջերս ռազմաճակատայիններ էինք, Ստալինի անունը, կարելի է ասել, սուրբ էր։ Այն օրերին մարշալ Ռոկոսովսկին այդպես էլ ասաց. ընկեր Ստալինն ինձ համար սուրբ է։ Գերագույն գլխավոր հրամանատարի զինվորական հեղինակությունն անառարկելի էր։

Դե, ես Ձեզ ավելին կասեմ. այն ամեն լավը, որ եղել է մեր կյանքում, մենք կապում էինք նրա անվան հետ։ Պատերազմի օրերին մեր զգացումները լավ է արտահայտել Կոնստանտին Սիմոնովն իր հայտնի «Ընկեր Ստալին, արդյոք լսո՞ւմ ես դու մեզ» բանաստեղծությունում»։ Այնտեղ այսպիսի տողեր կան.

«Ահավոր այս ժամին ո՛չ մորը, ո՛չ որդուն,
Ամենից առաջ քեզ ենք մենք հիշում»։
 
Դե հիմա ասացեք, թե ինչպես մենք կարող էինք ընդունել մեզ վրա թափված ամենաաներևակայելի մեղադրանքների հեղեղը։ Հավանաբար, ամենաառաջին զգացողությունը ցնցումն էր։ Մի ինչ-որ հրեշավոր անարդարության զգացողությունը։ Մեզ զեկուցման հետ ծանոթացրած դասախոսը լալիս էր։ Ակադեմիայի այդ ժամանակվա պետը Պավել Ալեքսեևիչ Կուրոչկինն էր՝ բանակի գեներալ, Խորհրդային Միության հերոս, խոշոր զորահրամանատար։ Նա այն ժամանակ ասաց (վստահ չեմ, թե բառերը ճիշտ եմ հիշում, բայց իմաստը ճիշտ եմ փոխանցում). ընկեր Ստալինը մեծ առաջնորդ էր և հանճարեղ Գերագույն գլխավոր հրամանատար։ Այդպիսին էլ նա կմնա մեզ համար մեր ամբողջ կյանքում։

Սա, հասկանալի է, զինվորական մարդն է ասում։ Նրա կարծիքը՝ ազնիվ և համարձակ, բացատրելի է։ Բայց ահա ևս մի կարծիք. մի մարդու, ով երեսնական թվականներին ռեպրեսիայի է ենթարկվել և, ինչպես ասվում է, մինչև կոկորդը կուշտ է եղել։ Երեք աքսորում է եղել։ Մեկը, ինչպեսև Ստալինը, Տուրուխանյան մարզում։ Ես խոսում եմ Վալենտին Ֆելիքսովիչ Վոյնո-Յասենեցկու մասին։ Լուկա եպիսկոպոսի մասին։ Սիմֆերոպոլի և Ղրիմի նախկին արքեպիսկոպոսի, հայտնի վիրաբույժի մասին։ Պատերազմի ժամանակ նա Աստծուն սպասավորելը համատեղում էր էվակոհոսպիտալում աշխատանքի հետ։ Մի քանի լուրջ հոդվածներ է գրել, այդ թվում թարախային վիրաբուժության մասին, ինչի համար արժանացել է Ստալինյան մրցանակի։ Մասնագետներն ասում են, որ նրա աշխատանքներն այժմ էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։

Չգիտեմ, ծանո՞թ էր նա տխրահռչակ զեկուցմանը, բայց նրա կարծիքը խրուշչովյանի ուղիղ հակառակն էր. «Ստալինը պահպանեց Ռուսաստանը, ցույց տվեց, թե ինչ է այն նշանակում աշխարհի համար։ Ուստի ես, որպես ուղղափառ քրիստոնյա և ռուս հայրենասեր, խորին խոնարհումով խոնարհվում եմ Ստալինի առջև։ Ստալինը աստվածատուր առաջնորդ է»։ Նկատի ունեցեք, այս գնահատականը հնչում է մի մարդու կողմից, որը սրբադասվել է։

Ահա մեկ այլ կրոնական գործչի՝ Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտ Իոանի կարծիքը. «Ստալինը մեզ Աստծու կողմից է տրված, նա ստեղծեց այնպիսի տերություն, որը որքան էլ քանդում են, մինչև վերջ քանդել չեն կարողանում... Այնպես որ, եթե Աստծո կողմից նայենք Ստալինին, ապա նա իրականում հատուկ մարդ էր։ Աստծուց տրված, Աստծո կողմից պահվող»։

 
Թղթ. Գուցե աթեիստ Խրուշչովը դրա համար էլ այդպես կատաղի հարձակվում էր առաջնորդի վրա։ Միաժամանակ նաև ողջ ուղղափառ եկեղեցու վրա։ Ասում են՝ նրա ցուցումով ավելի շատ վանքեր են քանդվել, քան ամենաաստվածընդդեմ ժամանակներում։
 
Դ.Տ. Յազով. Այ, դա հենց դժվար չէ ստուգել։ Խրուշչովյան «խաչակրաց» արշավանքն ընդդեմ եկեղեցու տեղի էր ունենում ներկայում ապրող շատ մարդկանց աչքերի առջև...
 
Թղթ. Ինչը չխանգարեց մեր լիբերալներին այդ մեղքը նույնպես «փաթաթել» Իոսիֆ Վիսարիոնովիչի վզին։
 
Դ.Տ. Յազով. Դե, դա կամ տգիտություն է, կամ չարամտություն։ Հայտնի է, օրինակ, 1933թ. Ստալինի նամակը Մենժինսկուն։ Մի կարճ մեջբերում կատարեմ դրանից. «Կենտկոմը անհնար է համարում շինությունների կառուցումն ի հաշիվ վանքերի և եկեղեցիների քանդման, որոնք պետք է համարել հին ռուսական արվեստի ճարտարապետական հուշարձաններ»։ Մոտավորապես այդ նույն ժամանակ մոսկովյան թատրոնների խաղացանկից հանվեց «Դյուցազուններ» երգիծական օպերան, ինչն, իհարկե, առանց Ստալինի միջամտության չէր եղել։ Հիմնավորման մեջ ասվում էր, որ օպերան «ներկայացնում է Ռուսաստանի մկրտության հակապատմական և ծաղրական պատկերը, ինչն իրականում դրական ժամանակափուլ էր ռուս ժողովրդի պատմության մեջ»։

Եվս մեկ փաստ։ Ստալինը ստորագրում է 1939թ. Կենտկոմի Քաղբյուրոյի որոշումը, որտեղ ասվում է. «այսուհետ աննպատակահարմար համարել ԽՍՀՄ ՆԳԺԿ մարմինների գործունեությունը ռուս ուղղափառ եկեղեցու սպասավորների ձերբակալության, հավատացյալների հետապնդումների մասով»։ Պատերազմի ընթացքում Խորհրդային Միությունում բացվել է 22 հազար եկեղեցի։ Եկեղեցուն և հավատացյալներին Ստալինի ցուցաբերած օգնության մասին վավերագրերով հաստատված բազմաթիվ վկայություններ կան։
 
Թղթ. Ես կարդացել եմ, որ 1936թ. ստալինյան Սահմանադրությունը հոգևորականներին վերադարձրեց ընտրության իրավունքը, իսկ հավատացյալները պսակադրվելու, երեխաներին կնքելու, Զատիկը նշելու իրավունք ստացան... Իսկ անձամբ Դո՞ւք ինչով եք պարտական Իոսիֆ Վիսարիոնովիչին։
 
Դ.Տ. Յազով. Եթե մի պահ վերանանք ռազմական բաղադրիչից, կարող եմ ասել, որ ոչ միայն ես, այլև իմ հասակակիցների մեծամասնությունը այն, ինչ դարձել ենք, պարտական ենք, առաջին հերթին, Ստալինին։ Սոցիալիզմը, որը նա կառուցեց «առանձին վերցրած երկրում», ինձ նման միլիոնավորների տվեց կրթություն, մասնագիտություն, իր գործում կատարելագործվելու հնարավորություն։ Ուրիշ ո՞ր իշխանության պարագայում սիբիրյան խուլ գյուղի տղեկը կարող էր դառնալ մարշալ։ Մեր ընտանիքում չէ՞ որ 10 երեխա կար։ Եվ մայրս այս բազմությունը մենակ էր մեծացնում։ Հայրս վաղ է մահացել, իսկ ավելի ուշ նաև խորթ հայրս զոհվեց Մեծ հայրենականում։ Բոլորին մեծացրեց, ոտքի կանգնեցրեց։
 
Թղթ. Նման իրավիճակ էր նախկին այլախոհի՝ հայտնի փիլիսոփա Ալեքսանդր Զինովևի գյուղացիական ընտանիքում։ Տասնմեկ երեխա կար։ Բոլորը լավ մարդիկ դարձան։ Մեկը պրոֆեսոր դարձավ, մյուսը՝ գործարանի տնօրեն, երրորդը՝ գնդապետ և այլն։ Այդ դարաշրջանում,- գրում է Զինովևը,- «տեղի էր ունենում մարդկության պատմության մեջ աննախադեպ՝ միլիոնավոր մարդկանց վերելք հասարակության ամենաստորին շերտերից. նրանք դառնում էին վարպետներ, ինժեներներ, ուսուցիչներ, բժիշկներ, դերասաններ, սպաներ, գիտնականներ, գրողներ, տնօրեններ»։ Նա գալիս է այն եզրահանգման, որ Ստալինի օրոք «իսկական ժողովրդի իշխանություն էր... իսկ Ստալինն ինքը՝ հիրավի ժողովրդական առաջնորդ»։ Այ, դրա համար էլ Զինովևի մայրը՝ մի պարզ գեղջկուհի, ողջ կյանքում Ավետարանի մեջ պահում էր Ստալինի դիմանկարը։
 
Դ.Տ. Յազով. Հիմա հեգնում են՝ Ստալինի մասին «ժողովուրդների հայր» ասելով։ Իսկ նա, իսկապես, ժողովրդի համար ասես հայր լիներ։ Այդ խորքային կապը սեփական առաջնորդի հետ մարդիկ զգում են մինչև այժմ։ Դրա համար էլ նրան կողմ են արտահայտվում, նկարում են սրբապատկերներն ու հուշարձաններ կանգնեցնում՝ ի հեճուկս վիթխարի խոչընդոտների։ Մարդիկ կարոտում են երկրի երբեմնի վեհությանը, Ստալինի օրոք տարած հաղթանակներին, այն վստահությանը, որով ժողովուրդը նայում էր իր ապագային, արդարությանը, որն այն ժամանակ տիրում էր հասարակությունում։ Ինչ-որ մեկը ժողովրդի այդ վիճակն անվանել է «հոր որոնումներ անհայրության ժամանակներում»։ Ավելի ճիշտ չե՛ս ասի։
 
Թղթ. Հիմա, «հոբելյանի» հետ կապված,  նորից բարձրացրել են բռնաճնշումների թեման։ Նորից մեր հակաստալինականների մոտ կապիտաններն են եղել դիվիզիաների հրամանատարներ, քանի որ ավելի բարձր կոչում ունեցողները՝ բոլորը, գլխովին ոչնչացված էին։ «Ինձ գոնե մեկ այդպիսի կապիտան ցույց տվեք»,- քանիցս իր ընդդիմախոսներին կոչ է արել Վլադիմիր Սերգեևիչ Բուշինը։ Փայլուն հրապարակախոս, կռված մարդ և իմ վաղեմի բարեկամը։ Ես որոշեցի փնտրել։ Հուշում գտա։ Իբր, Լենինգրադի ռազմական օկրուգում պատերազմի նախօրեին դիվիզիայի հրամանատարները միայն կապիտաններ էին։ Դե, ես էլ ուղևորվեցի Վոլխովյան ճակատ։ Ուսումնասիրեցի Կիրիլ Աֆանասևիչ Մերեցկովի հուշագրությունները։ Եվ, պատկերացրեք, գտա մի հիանալի կապիտանի։

Այդ պատմությունը կապված է 1942թ. ողբերգական իրադարձությունների հետ, երբ շրջապատման մեջ հայտնվեց 2-րդ հարվածային բանակը։ Բանակի Ռազմական խորհուրդը և շտաբը գտնելու համար Մերեցկովն ուղարկել էր տանկային վաշտ՝ դեսանտով, և իր համհարզ, կապիտան Միխայիլ Գրիգորևիչ Բորոդային։ Իսկ հետո պատմությունը կշարունակի ինքը՝ ռազմաճակատի հրամանատարը. «Ընտրությունը կանգ առավ կապիտան Բորոդայի վրա ոչ պատահականորեն։ Ես վստահ էի, որ այդ մարդը կանցնի բոլոր պատնեշների միջով։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, կարմիրդրոշակակիր Միխայիլ Գրիգորևիչ Բորոդան, որն աչքի էր ընկել դեռևս Ֆինլանդիայի դեմ պատերազմում, 5-րդ սահմանապահ ուղեկալի պետն էր Սուոյարվիի մոտ, ֆիննական սահմանին։ Ֆիններին հաջողվեց... օղակի մեջ վերցնել ուղեկալը... 22 օր հերոսները դիմացան պաշարմանը։ Իսկ երբ զինամթերքը սպառվելու վրա էր, սահմանապահները սվինամարտով ճեղքեցին շրջապատման օղակը չսպասվող կողմից՝ Ֆինլանդիայի ուղղությամբ, և հետապնդումից ազատվեցին ամբողջ սպառազինությամբ, իրենց հետ տանելով վիրավորներին»։

Եվ հետո Մերեցկովը շարունակում է. «Միխայիլ Գրիգորևիչը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել մարտում։ Այսպես, 1942թ. գարնանը Մյասնոյ Բորի մոտ նա ինձնից առաջադրանք ստացավ. օգնել գնդապետ Ուգորիչի դիվիզիային՝ հետ մղելու հակառակորդի գրոհը, որը նետվում էր դեպի Լենինգրադյան խճուղի։ Երբ դիվիզիայի հրամանատարը մահացու վիրավորվեց, Բորոդան ժամանակավորապես ստանձնեց նրա գործառույթներն ու թույլ չտվեց, որ դիվիզիան նահանջի»։
 
Դ.Տ. Յազով. Այո, արժեր որոնել նման կապիտանին։ Իսկ որպեսզի այս թեմային վերջակետ դրվի, ասեմ, որ և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո ես չեմ հանդիպել դիվիզիա ղեկավարող կապիտանների։ Հրամանատարներ էին բացառապես գնդապետներ և գեներալներ։ Ի դեպ, ես մարտնչել եմ կապիտան Բորոդայի հարևանությամբ, Վոլխովյան ճակատում։
 
Թղթ. Մեր գրեթե բոլոր խոշոր զորահրամանատարները գյուղացիական, հաճախ բազմազավակ ընտանիքներից էին. թե՛ Ժուկովը, թե՛ Կոնևը, թե՛ Չերնյախովսկին, թե՛ Չույկովը, թե՛ ուրիշ շատերը։ Չույկովի ծնողներն, օրինակ, 12 զավակ ունեին։ Գեբելսը, երբ 1945թ. նայում էր խորհրդային զորահրամանատարների լուսանկարները, խոստովանել է. «Նրանց դեմքից երևում է, որ նրանք փորված են լավ բնական ծառից... Գալիս ես այն ցավալի համոզման, որ Խորհրդային Միության հրամանատարական վերնախավը ձևավորվել է ավելի լավ դասից, քան մեր սեփականը»։ Այդ ինչպե՞ս էր հաջողվել գյուղացի երեխաներին գերազանցել գերմանացի «գերմարդկանց»։
 
Դ.Տ. Յազով. Ստիպված եմ կրկնել. և դա՝ հիմնականում նույնպես շնորհիվ Իոսիֆ Վիսարիոնովիչի ջանքերի։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում  զինվորական կադրերի պատրաստմանը։ Երկրում գործում էին տասնյակ ռազմական ուսումնարաններ, մի քանի ակադեմիաներ, ներառյալ Գլխավոր շտաբի ակադեմիան։ Դրա պետի պաշտոնին նշանակված էր խոշոր ռազմական մասնագետ՝ Բորիս Միխայլովիչ Շապոշնիկովը։ Ստալինը նրան շատ էր գնահատում և հարգում։ Մի անգամ հետաքրքրվելով, թե ինչ են սովորեցնում ապագա զորահրամանատարներին, առաջնորդը պարզել էր, որ ուսումնառության գործընթացի մեկ երրորդը հատկացվում է.... քաղպարապմունքներին։ Այսպիսին էր ավանդույթը։ Ստալինն անձամբ հանեց այդ բաժինը և ցուցում տվեց առաջացած բացը լրացնել զինվորական գիտակարգերով։ Իոսիֆ Վիսարիոնովիչի համար գործին նման մոտեցումը միանգամայն բնորոշ էր։ «Բանակը,- ասում էր նա,- կարող է ուժեղ լինել միայն այն ժամանակ, երբ վայելի ժողովրդի ու կառավարության բացառիկ հոգատարությունն ու սերը... Բանակը պետք է սիրել և փայփայել»։ Ստալինի օրոք բանակին այդպես էլ վերաբերվում էին։ Ուշադիր և հոգատար էր Գերագույն գլխավոր հրամանատարը նաև իր ենթակաների հանդեպ։ Դա ավելի քան լավ ապացուցում է պատմությունը՝ կապված գեներալ Վոլսկու հետ։
 
Թղթ. Պատերազմի մասին գրող որոշ հեղինակների մոտ հանդիպել եմ այն կարծիքին, թե նման բան առհասարակ լինել չէր կարող...
 
Դ.Տ. Յազով. Դեպքն, իրոք, սովորական չէր։ Բայց ի՞նչ կասկածներ կարող են լինել այստեղ։ Այդ պատմության մասին բավական մանրամասն պատմել է Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկին։ Նա այն ժամանակ Գլխավոր շտաբի պետն էր և Ստալինգրադյան ռազմաճակատի Ռազմակայանի ներկայացուցիչը։ Մեր հակահարձակումն էր նախապատրաստվում։ Օրը որոշված էր՝ նոյեմբերի 19-ը։ Եվ հանկարծ, 17-ի երեկոյան Ստալինը կանչում է Վասիլևսկուն Մոսկվա և ծանոթացնում 4-րդ մեքենայացված կորպուսի հրամանատար, գեներալ Վոլսկու նամակին։ Պետք է ասել, որ հենց այդ կորպուսը պետք է դառնար ռազմաճակատի գլխավոր հարվածային ուժը։ Նամակը մոտավորապես այսպիսի բովանդակություն ուներ. «Թանկագին ընկեր Ստալին։ Իմ պարտքն եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ ես չեմ հավատում սպասվող հարձակման հաջողությանը։ Մենք բավականաչափ ուժեր և միջոցներ չունենք դրա համար։ Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ճեղքել գերմանական պաշտպանությունն ու կատարել մեր առջև դրված առաջադրանքը։ Որ այս ամբողջ գործողությունը կարող է ավարտվել աղետով և առաջ բերել անհամար հետևանքներ, մեզ կորուստներ կբերի, վնասակար ազդեցություն կունենա երկրի ամբողջ դրության վրա...»։
 
Թղթ. Չեմ կարող չասել. այդ ի՞նչ հավատ էր պետք ունենալ սեփական Գլխավոր հրամանատարի հանդեպ՝ այդքան անպատեհ պահին նրա հետ իր կասկածների մասին կիսվելու համար։
 
Դ.Տ. Յազով. Իրականում ահա թե ինչ էր տեղի ունեցել։ Ստալինը հետաքրքրվել էր, թե այդ ով է, որ իրեն այդ տագնապալի նամակն է գրել։ Հիանալի բնութագիր ստանալով՝ խնդրել էր իրեն միացնել Վոլսկու հետ։ Ինչպես Վասիլևսկին էր ասում, նա ասել է նրան. «Ես կարծում եմ, որ Դուք ճիշտ չեք գնահատում մեր և ձեր հնարավորությունները։ Ես վստահ եմ, որ Դուք կկատարեք Ձեր վրա դրված առաջադրանքները և ամեն բան կանեք, որպեսզի ձեր կորպուսն իրականացնի նշված խնդիրն ու հասնի հաջողության... Պատրա՞ստ եք արդյոք անել ձեզնից կախված ամեն բան, որպեսզի կատարեք Ձեր առջև դրված խնդիրը»։ Դրական պատասխան ստանալով՝ Ստալինը հանգիստ ավարտել է. «Ես հավատում եմ, որ Դուք կկատարեք ձեր առաջադրանքը, ընկեր Վոլսկի։ Հաջողություն եմ ցանկանում Ձեզ»։

Վասիլևսկին վերադառնում է Ստալինգրադ։ Գործողությունը հաջող էր ընթանում։ Վոլսկին գործում էր համարձակ և վճռական։ Առաջադրված խնդիրը կատարեց։ Ահա թե ինչպես է գրել այս փաստի մասին Վասիլի Իվանովիչ Չույկովն իր «Ստալինգրադից մինչև Բեռլին» գրքում. «Նոյեմբերի 23-ին, ժամը 16-ին, 4-րդ տանկային կորպուսի զորամասերը՝ գեներալ-մայոր Ա.Գ. Կրավչենկոյի հրամանատարությամբ, և Ստալինգրադյան ռազմաճակատի 4-րդ մեքենայացված կորպուսի զորամասերը՝ գեներալ-մայոր Վ.Տ. Վոլսկու հրամանատարությամբ, միավորվեցին Սովետսկի գյուղի մոտ։ Շրջապատման օղակը փակվեց»։ Երբ Վասիլևսկին հերթական անգամ զեկուցում էր Ստալինին իրադրության մասին, վերջինը հարցրեց, թե ինչպես էին գործում Վոլսկին և նրա կորպուսը։ Լսելով, որ նրանք հիանալի են գործել, ասել էր. «Ահա թե ինչ, ընկեր Վասիլևսկի, քանի որ այդպես է, ես խնդրում եմ Ձեզ գտնել այնտեղ՝ ռազմաճակատում, գոնե մի ինչ-որ բան՝ առայժմ, որպեսզի անհապաղ իմ անունից պարգևատրեք Վոլսկուն։ Նրան հաղորդեք իմն երախտագիտությունը և հասկանալ տվեք, որ մյուս պարգևները... առջևում են»։ Վասիլևսկին ռազմավար վերցրած «վալտեր» ուներ։ Նրան փակցրին համապատասխան մակագրություն, և Ալեքսանդր Միխայլովիչը կորպուսի հրամանատարին փոխանցեց Ստալինի խոսքերն ու նվերը։

«Մենք կանգնած էինք Վոլսկու հետ,- ավելի ուշ հիշում է Վասիլևսկին,- նայում էինք իրար, և նա այնպես էր ցնցվել, որ այդ մարդն իմ ներկայությամբ հեկեկաց երեխայի պես»։ Ահա թե ինչ է նշանակում ժամանակին աջակցել մարդուն, օգնել նրան վստահություն ձեռք բերել և վերջում բարի խոսք ասել։ Այդպիսին էր նա՝ մեր Գերագույն գլխավոր հրամանատարը։
 
Թղթ. Բայց պատմությունը դրանով չավարտվեց, չէ՞...
 
Դ.Տ. Յազով. Այո։ Այն հերոսական շարունակություն ունեցավ։ Դա տեղի ունեցավ արդեն այն բանից հետո, երբ Պաուլյուսի բանակը շրջապատվեց։ Բայց նրան օգնության էր շտապում հատուկ ստեղծված «Դոն» խումբը՝ Մանշտեյնի հրամանատարությամբ։ Գերմանացիների տանկերին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը։ Խիստ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Կարող էր մի երկու օր անցնել, և արդեն ուշ կլիներ ինչ-որ բան նախաձեռնել։ Պաուլյուսի երեք հարյուր հազարանոց բանակը կարող էր հեռանալ Ստալինգրադից։ Ռազմակայանը որոշեց Մանշտեյնին «ընդառաջ» ուղարկել Մալինովսկու 2-րդ գվարդիական բանակը։ Բայց այն պետք էր այդտեղ նետել մեկ այլ ռազմաճակատից։ Այն ժամանակին հասնել չէր կարող։ Իրադրությունը փրկեցին Վոլսկու կորպուսն ու մոտակայքում գտնվող զորամասերը։ Դրանք գերմանացիներին պահեցին՝ մինչև Մալինովսկու գվարդիականները տեղ կհասնեին։ Ահա թե ինչ է գրել այս առիթով ռազմաճակատի հրամանատար Երյոմենկոն. «Մեր զորամասերի և միավորումների, որոնք անհավասար մարտի մեջ մտան Գոտ-Մանշտեյնի զորախմբի հետ, մեծագույն վաստակն այն է, որ նրանք անասելի ջանքերի ու զոհերի գնով շահեցին ութ օր թանկագին ժամանակ, որն անհրաժեշտ էր ռեզերվների տեղ հասնելու համար»։

Այդ օրերին «Կրասնայա զվեզդա» թերթը գրել է Վոլսկու կորպուսի գնդերից մեկի մասին. «Այդ գնդի սխրանքը գերազանցում է մարդկային տոկունության, դիմացկունության և զինվորական վարպետության մասին բոլոր պատկերացումները»։ Կորպուսը շուտով դարձավ գվարդիական։ Իսկ ինչ վերաբերում է նամակին, որից ամեն բան սկսվեց, ապա այստեղ, հավանաբար, ազդեցություն են ունեցել նաև այն օրերի ահավոր գերլարվածությունն ու հսկայական պատասխանատվության զգացումը և երկյուղները, թե կարող է չստացվել։ Պատերազմում նման բան եղել է, մանավանդ նրանց հետ, ովքեր մարտական մկրտություն չեն ստացել, չեն հասցրել լինել լուրջ մարտերում։
 
Թղթ. Իսկ ինչպե՞ս դասավորվեց Վոլսկու հետագա ճակատագիրը։
 
Դ.Տ. Յազով. Ես նրան տեսադաշտից կորցրի։ Գիտեմ, որ կորպուսից հետո նա եղել է գվարդիական տանկային բանակի հրամանատարը։ 1944-ին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ Մեր ճանապարհները չեն խաչվել։ Լսել եմ, որ կյանքից վաղ է հեռացել։

Քիչ չեն դեպքերը, երբ Ստալինն օգնել էր մարդուն դժվար պահին, մտել նրա դրության մեջ, աջակցել, վստահություն ցուցաբերել։ Նման օրինակներից մեկի մասին պատմում է Գլխավոր շտաբի կոմիսար Ֆ.Ե. Բոկովը։ 1943թ. հունվարին նա Գերագույն գլխավոր հրամանատարին փաստաթղթեր ներկայացրեց։ Դրանց մեջ կար Հարավային ռազմաճակատի հրամանատար Երյոմենկոյի և Ռազմական խորհրդի անդամ Խրուշչովի կարգադրագիրը։ Նրանք պահանջում էին պաշտոնից հեռացնել 4-րդ գվարդիական մեքենայացված կորպուսի հրամանատար, գեներալ Տանասչիշինին։ Նա մեղադրվում էր իշխանությունը չարաշահելու մեջ։ Փոքր կրճատումներով ներկայացնեմ երկխոսությունը։

-         Այդ ո՞ր Տանասչիշինն է,- հարցրեց Ի.Վ. Ստալինը։- Որ անցյալում հեծելազորայի՞ն էր։
-         Այո։ Անունը Տրոֆիմ Իվանովիչ է։
-         Ես նրան լավ գիտեմ։ Կռվող տղա է... Իսկ ինչպե՞ս է կռվում նրա կորպուսը։
-         Շատ լավ։ Տանասչիշինի օրոք գվարդիական դարձավ։
Ճշտելով, թե կոնկրետ ինչում են մեղադրում գեներալին, Ստալինն ամփոփել է. «Նա անձնական դրդապատճառներ չի ունեցել։ Ցավում էր մարտական առաջադրանքը կատարելու համար, բայց չափն անցել է...»։ Եվ որոշում է կայացրել. «Պաշտոնից չենք հանի։ Երյոմենկոյին և Խրուշչովին հաղորդեք, որ Ստալինը Տանասչիշինին վերցրել է իր երաշխավորության տակ»։
 
Թղթ. Դմիտրի Տիմոֆեևիչ, ես հանդիպել եմ նման դեպքի ավիացիայի գլխավոր մարշալ Ալեքսանդր Եվգենևիչ Գոլովանովի հուշերում։ Այնտեղ  կործանիչ-օդաչուի կերպարն է, որը գալիս է Մոսկվա մարտական շքանշանի՝ Խորհրդային Միության հերոսի աստղի հետևից։ Ստանում է, նշում ընկերների հետ և ուշ գիշերով վերադառնում տուն։ Կանացի ճիչ լսելով՝ նետվում է օգնության։ Անծանոթ աղջկան նեղացնում էր պատկառելի մի տղամարդ։ Քաշքշուկի ժամանակ օդաչուն կրակում է աղջկան նեղացնողի վրա։ Տուժողն ինչ-որ ժողկոմատի պատասխանատու աշխատող է լինում։ Զեկուցում են Ստալինին։ Պարզելով, թե ինչն ինչոց է, նա հարցնում է, թե ինչ կարելի է անել օրենքով։ Նրան պատասխանում են. մինչև դատը հերոսին կարելի է վերցնել երաշխավորության տակ։ Ստալինը դիմում է գրում Գերագույն խորհրդի նախագահություն՝ խնդրելով մարտական օդաչուին դնել իր երաշխավորության տակ։ Խնդրանքը բավարարում են։ Օդաչուն վերադառնում է ռազմաճակատ, հերոսաբար կռվում և զոհվում օդային մարտերից մեկի ժամանակ։ Պատմելով այս մասին՝ Գոլովանովը, որը մոտիկից գիտեր Ստալինին, նշում է. «Աշխատանքի մեջ խիստ պահանջկոտությունը և միաժամանակ մարդու մասին հոգատարությունը նրա համար անբաժան էին։ Դրանք նրա մեջ համադրվում էին այնքան բնականորեն, ասես մի ամբողջի երկու մաս լինեին և շատ էին գնահատվում նրա հետ մոտիկից շփվող մարդկանց կողմից։ Նման խոսակցություններից հետո կարծես մոռացվում էին բոլոր դժվարություններն ու անհաջողությունները։ Դուք զգում էիք, որ ձեզ հետ խոսում է ոչ միայն ճակատագրեր տնօրինողը, այլև պարզապես մարդը»։
 
Դ.Տ. Յազով. Դուք հարցնում էիք, թե ինչպես մեր հրամանատարներին հաջողվեց գերազանցել գերմանացիներին։ Նրանց դաստիարակել, ծառայողական բարձունքների է բարձրացրել հենց այն մթնոլորտը, որը ստեղծվել էր բանակում Ստալինի օրոք։ Հրետանու գլխավոր մարշալ Նիկոլայ Դմիտրիևիչ Յակովլևը նշում էր. «Ստալինը նախանձելի համբերություն ուներ, համաձայնում էր խելամիտ փաստարկների հետ։ Բայց երբ քննարկվող հարցի վերաբերյալ որոշում էր ընդունվում, այն վերջնական էր լինում»։ Իր «Հրետանու և մի փոքր՝ իմ մասին» գրքում Նիկոլայ Դմիտրիևիչը նկարագրում է համատեղ աշխատանքը Գերագույն գլխավոր հրամանատարի հետ։ «Աշխատանքը Ռազմակայանում աչքի էր ընկնում պարզությամբ, բարձր ինտելիգենտությամբ։ Ոչ մի ցուցադրական ելույթ, բարձր տոն, բոլոր խոսակցությունները՝ կիսաձայն...

Նա չէր սիրում, որ իր առջև ձիգ կանգնեն, չէր հանդուրժում ռազմաշարային պահվածքը։ Իր ողջ խստությամբ հանդերձ՝ Ստալինը երբեմն ոչ մեծ մարդկային թուլությունների հանդեպ ներողամտության դասեր էր տալիս մեզ։ Ես հատկապես հիշում եմ մի այսպիսի դեպք։ Մի անգամ մի քանի զինվորական Գերագույնի աշխատասենյակում նրան սահմանվածից երկար պահեցինք։ Նստել, որոշում ենք մեր հարցերը։ Եվ ահա այդ պահին մտնում է Պոսկրյոբիշևը և զեկուցում, որ մի ինչ-որ գեներալ է եկել։ «Թող ներս մտնի»,- ասում է Ստալինը։

Եվ որքան մեծ էր մեր զարմանքը, երբ աշխատասենյակ մտավ ոտքերի վրա այնքան էլ ամուր չկանգնող գեներալը։ Նա մոտեցավ սեղանին և, ձեռքերով բռնելով դրա ծայրից, մահացու գունատ, քրթմնջաց, որ ներկայացել է նրա հրամանով։ Մենք շունչներս պահեցինք։ Ի՞նչ է լինելու հիմա խեղճի հետ։ Բայց Գերագույնը լուռ վեր կացավ, մոտեցավ գեներալին և մեղմ հարցրեց.

-         Դուք ոնց որ թե վա՞տ եք զգում։
-         Այո,- հազիվ արտաբերեց վերջինը չորացած շրթունքների միջով։
-         Դե, այդ դեպքում մենք վաղը ձեզ հետ կհանդիպենք,- ասաց Ստալինը և ազատ արձակեց գեներալին։
Երբ նա իր հետևից փակեց դուռը, Ի.Վ. Ստալինը, ոչ մեկիս չդիմելով, նկատեց.
-         Ընկերն այսօր շքանշան է ստացել հաջող իրականացրած գործողության համար։ Որ Ռազմակայան է ներկայանալու, բնական է, դրա մասին չգիտեր։ Դե, նա էլ ուրախացած նշել է իր շքանշանը։ Այնպես որ, մի հատուկ մեղք նրանում, որ այս վիճակում էր ներկայացել, կարծում եմ, չկա...

Պատմելով այս ուսանելի պատմությունը՝ Յակովլևը ավելացրել է, որ հիմնականում Ստալինի շնորհիվ է, որ երկիրը ղեկավարելու գործում պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ միասնականությունը չի խախտվել։ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքն օրենք էր։
 
Թղթ. Դմիտրի Տիմոֆեևիչ, նկատեցի՞ք, որ մեր լիբերալները նորից շրջապտույտի մեջ են դրել իրենց մաշված ձայնասկավառակը. պատերազմը մենք շահեցինք ի հեճուկս Ստալինի։ Ժիրինովսկին պարզապես հիստերիկայի մեջ է ընկնում՝ փորձելով ապացուցել անապացուցելին։
 
Դ.Տ. Յազով. Ամեն բան բացատրելի է։ Մոտենում են ընտրությունները։ Դումա են ուզում մտնել։ Իսկ ժողովրդին ներկայացնելու բան չունեն։ Դե, դրա համար էլ գործի մեջ են դնում վաղուց հերքված անճշտությունները։ Ես վերջերս կարդացի Ֆելիքս Չուևի գիրքը մեր ականավոր ավիակոնստրուկտոր Սերգեյ Վլադիմիրովիչ Իիլյուշինի մասին։ Նրան են պատկանում ահա այս խոսքերը. «Ստալինը մի լավ գիծ ուներ. նա չէր սիրում ամեն տեսակ տականքներին ու շատ էր սիրում Ռուսաստանը։ Նա ազնիվների համար էր։ Եվ դաստիարակում էր հուսալիներին։ Դրա համար էլ հաղթում էինք»։
 
Թղթ. Ռուս հանճար Իլյուշինի խոսքը «իրավաբանի որդի» Ժիրինովսկու բարբաջանքների դեմ է։ Վատ չի նայվում։ Հայրս պատերազմի ժամանակ թռչում էր հանրահայտ իլյուշինյան «Իլ-2» գրոհայինով։ Պատերազմի մասին նա պատմել չէր սիրում, բայց ընտանիքում ավիացիայի մասին գրքեր կային։ Դրանցից մեկում ես գտա անգլիացի գեներալի խոսքերը. «Ռուսաստանը պատռեց գերմանական բանակի փորոտիքը։ Իլ-2-ը նրա ամենակարևոր վիրաբուժական գործիքն էր»։
 
Դ.Տ. Յազով. Իսկ Դուք գիտե՞ք, որ այդ փառապանծ ինքնաթիռի ճակատագրում, կարելի է ասել, վճռական դեր է խաղացել Իոսիֆ Վիսարիոնովիչը։ Չգիտեմ, թե որն էր պատճառը՝ գուցե անխելամտությունը, պահպանողականությունը, չի բացառվում նաև նախանձը, բայց ինքնաթիռի դեմ  խմբվեցին բոլորը, ումից կախված էր նրա թողարկումը։ Հատկապես համառում էին զինվորականները։ Իլյուշինը չէր հանձնվում։ Բայց ամեն դեպքում պատրաստել էր չորահացերով ճամպրուկը։ Բանը լուրջ շնորհազրկման չհասավ։ Միջամտեց Ստալինը։ Կոնստրուկտորի հետևից մեքենա ուղարկեց։ Բերեց իր մոտ՝ ասելով. եթե չեք առարկում, ընկեր Իլյուշին, առայժմ ինձ մոտ ապրեք։ Այստեղ, հույս ունեմ, Ձեզ ոչ ոք չի խանգարի աշխատել։

Կոնստրուկտորն առաջնորդի մոտ մեկ շաբաթ ապրեց։ Ավելի ուշ նա իր տպավորությունների մասին պատմեց աշխատակիցներին. «Ստալինը ոչ մի շքեղություն չուներ, բայց հսկայական քանակությամբ գրքեր ուներ։ Բոլոր պատերին գրքերով դարակներ էին։ Նա գիշերները կարդում էր երեք հարյուր - հինգ հարյուր էջ... Մենք միասին էինք սնվում՝ շչի, հնդկաձավարով ապուր, ոչ մի նրբահամ կերակուր... Իհարկե, այդ շաբաթվա ընթացքում ես  չափից ավելի տանջվեցի։ Հեշտ չէ դիմանալ Ստալինի աշխատանքի տեմպին»։ Բայց ամենահետաքրքիրն առջևում էր։ Մի օր առաջնորդն Իլյուշինին բերում է Քաղբյուրոյի նիստին։ Բացի Ստալինի կողմնակիցներից, ներկա էին նաև ավիացիոն մասնագետներ։ Լսելով տարբեր կարծիքներ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչն ասաց. «Իսկ հիմա լսեք, թե ինչ ենք մտածում մենք այդ առիթով ընկեր Իլյուշինի հետ...»։ Արդյունքում՝ իլյուշինյան ԿԲ-ն մնաց Մոսկվայում, իսկ Սերգեյ Վլադիմիրովիչը և նրա աշխատակիցները հնարավորություն ստացան հանգիստ զբաղվել իրենց գործով։

Թվում էր, թե ամեն բան հարթվել է։ Բայց Ստալինը ինքնաթիռի հետ կապված պատմությունը տեսադաշտից դուրս չի թողնում։ Եվ ահա որոշ ժամանակ անց ավիացիոն գործարանների տնօրեններ Շենկմանի և Տրետյակովի մոտ է թռչում ահեղ ստալինյան հեռագիրը. «Դուք դավաճանել եք մեր երկրին և Կարմիր բանակին։ Դուք մինչև հիմա թույլ չեք տվել թողարկել Իլ-2 ինքնաթիռները։ Իլ-2 ինքնաթիռները հիմա պետք է են մեր Կարմիր բանակին օդի պես, հացի պես։ Շենկմանն օրական մեկ Իլ-2 է տալիս, իսկ Տրետյակովը տալիս է Միգ-3 մեկ-երկու հատ։ Սա ծաղր է երկրի, Կարմիր բանակի հանդեպ։

Մեզ հարկավոր են ոչ թե Միգ-եր, այլ Իլ-2-ներ։ Եթե 18-րդ գործարանը մտածում է գլուխն ազատել երկրից՝ մեկական Իլ-2 տալով, ապա չարաչար սխալվում է և դրա համար պատիժ կկրի։ Խնդրում եմ Ձեզ կառավարությանը համբերությունից չհանել և պահանջում եմ, որ ավելի շատ Իլ-եր թողարկեք։ Նախազգուշացնում եմ վերջին անգամ»։
 
Թղթ. Եվ ինչ-որ մեկը դեռ կարող է պնդել, թե պատերազմը մենք շահել ենք ի հեճուկս Ստալինի՞։
 
Դ.Տ. Յազով. Լսեք, թե հետո ինչ է եղել։ «Գլուխն ազատել» չհաջողվեց։ Ստալինյան ցուցումներից հետո ամեն բան գտնվեց անհրաժեշտ քանակությամբ ինքնաթիռներ արտադրելու համար։ Եվ ամեն օր ռազմաճակատ էր գնում քառասուն Իլ։ Իսկ մեքենան, իսկապես, հիանալի էր։ Նրա մասին ասում էին. սա ռուսական հրաշք է, Իլյուշինի աստեղային ժամը։ Աշխարհում  նրան հավասար ինքնաթիռ չկար։ Իսկ ահա գերմանական գնահատականը. «Իլ-2 ինքնաթիռը բացառիկ առաջընթացի վկայությունն է։ Այն գերմանական բանակի գլխավոր, հիմնական հակառակորդն է»։

Ստալինի համար միշտ առաջին տեղում գործն էր։ Եվ իհարկե, մարդը, որից կախված էր այդ գործի ճակատագիրը։ Հայտնի է, օրինակ, այսպիսի դեպք։ Գերագույն գլխավոր հրամանատարը դժգոհ էր Ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի պետի աշխատանքից։ Նրան փոխարինելու հարց էր ծագել։ Երաշխավորում էին ծովակալ Իսակովին, բայց կասկածներ կային. կհաստատե՞ն արդյոք նրա թեկնածությունը։ Ծովակալի ոտքն անդամահատված էր։ Նա ասաց. «Ավելի լավ է աշխատել անոտք, քան անգլուխ մարդու հետ»։
 
Թղթ. Դուք, իհարկե, դիտել եք վերջին հեռուստամենամարտերից մեկը, որտեղ սուսերը խաչեցին ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը, մեղմ ասած, ոչ այնքան մեղսունակ ու հանգիստ, կոռեկտ, բազմաթիվ փաստերով զինված մարդու տպավորություն է թողնում, և Նիկոլայ Ստարիկովը։ Հիմնական հարվածը, բնականաբար, հասցվում էր Ստալինին, բայց բաժին էր հասնում նաև Ստարիկովին, որը պաշտպանում էր նրան։ Նրա դեմ խմբվել էր ոչ միայն Ժիրինովսկու թիմը, այլև այսպես կոչված փորձագետն՝ ինչ-որ գիտական աստիճանով, և անգամ Սոլովյովը, որը խոսակցության ընթացքում անցումներ էր կատարում չարագուշակ էնկավեդեական «վորոնկաներին», որոնք գիշերները հավաքում-տանում էին օրինապահ քաղաքացիներին։ Եվ ի՞նչ եղավ արդյունքում։ Ստարիկովին աջակցեց  50 հազարով ավելի շատ հեռուստադիտող, քան նրա հավաքական ընդդիմախոսներին։ Ժողովուրդը կիլոմետրից զգում է ստի հոտը։
 
Դ.Տ. Յազով. Եթե վերադառնանք Ալեքսանդր Զինովևին, ապա նա Ստալինին անվանում էր ոչ միայն «ներկա հարյուրամյակի մեծագույն անձնավորություն, «մեծագույն հանճար», այլև «ամենաիսկական ու հավատարիմ մարքսիստ»։
 
Թղթ. Ինչո՞ւ են, ուրեմն, լռում  մեր կոմունիստները։ Գուցե ժամանակն է ևս մեկ կուսակցական համագումար հրավիրել, այս անգամ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչի անունը վերականգնելու համար։ Որպեսզի, ի վերջո, վերջ դրվի հակաստալինյան ստի կուտակումներին։ Ինչի՞ց են վախենում։
 
Դ.Տ. Յազով. Ըստ իս, Ելցինի օրոք Ստալինի թոռը՝ գնդապետ, ռազմական ակադեմիայի դասախոս Եվգենի Յակովլևիչ Ջուղաշվիլին,  փորձում էր առաջնորդի հակառակորդներին պատասխանատվության կանչել զրպարտության համար։ Ինչպես ասես, որ չէր խանգարում նրան մեր այն ժամանակվա «դեմոկրատական» արդարադատությունը։ Ընդհուպ մինչև այնտեղ, որ ապացույցներ էր պահանջում, թե արդյոք նա առհասարակ առաջնորդի ազգականն է։ Ստիպված էր գնալ Վրաստան, վեր հանել եկեղեցական պահոցները, որպեսզի ապացուցի, որ Իոսիֆ Ջուղաշվիլին 1907թ. իսկապես ունեցել է որդի՝ Յակով, իսկ նա էլ հետո ունեցել է իր որդուն՝ Եվգենիին, Ստալինի թոռանը։ Բայց գործն այդպես էլ մեռյալ կետից այն կողմ չշարժվեց։ Գուցե հիմա՞ ստացվի։

Բայց ես կուզենայի վերադառնալ ստալինյան զորահրամանատարների մասին խոսակցությանը։ Տեսեք, թե հրամանատարների ինչ փայլուն համաստեղություն է աճեցրել Իոսիֆ Վիսարիոնովիչը պատերազմի ժամանակ։ Ահա ձեր դիմաց է գյուղացի պատանու տիպիկ ճակատագիրը, որը դարձավ զրահատանկային զորքերի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Այն ամենը, ինչ կապված է Ստալինի հետ, Միխայիլ Եֆիմովիչ Կատուկովը ներկայացնում է իր... ինքնակենսագրությունում։ 
 
Թղթ. Ինչո՞ւ կենսագրությունում։ Նա իր անձնական կյանքը չի բաժանում առաջնորդի՞ց։ Մի՞թե ավելի հեշտ չէր լինի հուշեր գրել։
 
Դ.Տ. Յազով. Նա կգրի դրանք։ Ավելի ուշ։ Բայց ամենասրբազանը ինքնակենսագրությունում է։ «Սեպտեմբերին ես առաջին անգամ հանդիպեցի ընկեր Ստալինի հետ։ Շատ եմ մտածել, թե ինչպես զեկուցեմ նրան... Բայց բոլորովին այլ կերպ ստացվեց։ «Ընդունարան դուրս եկավ ինքը՝ ընկեր Ստալինը, ձեռքը մեկնեց ինձ և ասաց. «Բարև, ընկեր Կատուկով, ներս մտիր...»։ Այդ օրը ինձ համար կրկնակի տոն էր։ Ես առաջին անգամ տեսա ընկեր Ստալինին, խոսեցի նրա հետ, և սեպտեմբերի 17-ին լրացավ իմ 42-ը»։
 
Թղթ. Այսօրվա թերահավատների համար դժվար է պատկերացնել այն հուզումը, որ զգում էր մարտական գեներալն առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։
 
Դ.Տ. Յազով. Իսկ Միխայիլ Եֆիմովիչը շարունակում է. «Ընկեր Ստալինը երկար խոսում էր ինձ հետ պատերազմի, մարտի մեթոդների, մարդկանց, տեխնիկայի մասին՝ տեխնիկայի ու մարտի բնույթի հարցերում գիտելիքների այնպիսի խորություն ցուցաբերելով, որոնք կարող էին պատկանել միայն արտակարգ բարձր որակավորում ունեցող մասնագետին...»։ Պարզվում է, որ Գերագույն գլխավոր հրամանատարը Կատուկովին հրավիրել էր ոչ սովորական խոսակցության համար։ Այն ժամանակ բանակում սկսել էին ստեղծվել խոշոր մեքենայացված կորպուսներ։ Կատուկովին, որն աչքի էր ընկել Մոսկվայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, առաջարկվում էր գլխավորել դրանցից մեկը։

Առաջ անցնենք։ Ինքնակենսագրությունում նշվում է արդեն 1943 թվականը։ Նոր հանդիպում։ «Ընկեր Ստալինը դիմավորեց ինձ սիրալիր, ինչպես հին ծանոթի, և հարցրեց. «Կկարողանա՞ս, ընկեր Կատուկով, բանակ ղեկավարել»։ Ես ասացի. «Կկարողանամ, ընկեր Ստալին»։

-         Ես ինձ վրա էի վերցնում,- շարունակում է Կատուկովը,- լուրջ պատասխանատվություն պատերազմի դժվար տարիներին և ազնվորեն կատարեցի իմ պարտքը՝ պատերազմն ավարտելով Բեռլինում։ Եվ ինձ համար ամենաբարձր պարգևն այն գիտակցությունն էր, որ և՛ երդումս, և՛ ընկեր Ստալինին տված խոսքս ես կատարեցի»։
Ինքնակենսագրությունը թվագրված է՝ 1960 թվական։
 
Թղթ. Դա մի ժամանակ էր, երբ Խրուշչովը, կոպիտ ասած, շներին քսի էր տվել առաջնորդի դեմ, և նրանց ճնշման տակ սասանվեցին Միխայիլ Եֆիմովիչի հայտնի շատ ծառայակիցներ։ Իսկ նա հավատարիմ մնաց իր Գերագույն գլխավոր հրամանատարին։ Այնպես, ինչպեսև նրա կինը՝ Եկատերինա Սերգեևնա Կատուկովան, որն ամուսնու հետ Մերձմոսկվայից հասավ մինչև Բեռլին։ Ես նրանից հարցազրույց եմ վերցրել 2012 թվականին։ Նա 99 տարեկան էր։ Այդ կինն իր տարիքի համար զարմանալի պարզ միտք ուներ, լավ հիշողություն, օբյեկտիվ հայացք իրադարձություններին։ Պատմում էր, թե ինչպես է առաջին անգամ եղել Իոսիֆ Վիսարիոնովիչի աշխատասենյակում։ Նրան՝ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի ապարատի լավագույն սղագրողուհուն հանձնարարել էին սղագրել Ստալինի ելույթի տեքստը։ Ասում է, որ շատ էր հուզվում։ Դուռը թակելով՝ լսել է. «Մտեք, ընկեր»։ Առաջնորդն ընդառաջ էր եկել, ուղեկցել սեղանի մոտ, մոտեցրել աթոռը։ Թելադրելուց հետո, շնորհակալություն հայտնելով, ուղեկցել էր մինչև դուռը։ Ահա և ողջ պատմությունը։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ այսօրվա անգամ միջին չափի չինովնիկն այդպես վարվի իր ենթակաների հետ։

Ավելի ուշ իր «Հիշարժան» գրքում Եկատերինա Սերգեևնան այսպես է նկարագրել այդ տարիների իր զգացողությունները. «Ընկեր Ստալինը մեզ համար կոմունիստ-բոլշևիկի այնպիսի բարձր իդեալ էր, որ մենք բոլորս, այդ թվում և ես, նրա համար մեր կյանքը կտայինք առանց մտածելու»։
 
Դ.Տ. Յազով. 1937թ. Մոսկվայում գտնվող գերմանացի գրող Լիոն Ֆեյխթվանգերը, մտորելով Ստալինի մասին, նկատել է. «Շուտով սկսում ես հասկանալ, թե ինչու են զանգվածները նրան ոչ միայն հարգում, այլև սիրում։ Նա նրանց մի մասն է... Ստալինը, ինչպես նա ներկայանում է զրույցում, միայն պետական մեծ գործիչ, սոցիալիստ, կազմակերպիչ չէ, նա, նախևառաջ, իսկական մարդ է»։
 
Թղթ. Բայց տես, որ մարդկայնության պակասի մեջ էլ մեղադրում են նրան։ Պաթոլոգիական չարագործ են ներկայացնում, հրեշ և այլն՝ չարությամբ լցվածների երևակայությանը համապատասխան։
 
Դ.Տ. Յազով. Ես արդեն պատմել եմ, թե ինչ ուշադիր, համբերատար, հոգատար ղեկավար էր նա։ Մի օրինակ էլ բերեմ։ Իվան Ստեպանովիչ Կոնևը Կոնստանտին Սիմոնովին պատմում է այն մասին, թե ինչպես է նա ուրիշ զորահրամանատարների խմբով խորհրդակցության եղել Ստալինի մոտ։ Արդեն պատերազմից հետո էր, և դրվել էր արձակուրդի հարցը.

- Առողջությունդ ինչպե՞ս է։
- Ոչինչ, ընկեր Ստալին։
- Արձակուրդ գնո՞ւմ եք։
- Այո, գնում եմ։
- Որքա՞ն ժամանակով։
- Մեկուկես ամսով... Ավելին չի թույլատրվում, ընկեր Ստալին։
- Ինչպե՞ս թե չի թույլատրվում։
Եվ դիմելով Բուլգանինին, որը ժողկոմի առաջին տեղակալն էր, ասում է.
-         Նրան երեք ամիս տվեք։ Նրան էլ երեք ամիս, նրան էլ, և նրան էլ երեք ամիս։ Պետք է հասկանալ, թե ինչ են մարդիկ իրենց ուսերին կրել։ Ինչ ծանրություն է եղել, ինչպես են հոգնել... Պետք է երեք ամիս, որպեսզի զգան, իրենց կարգի բերեն, հանգստանան, ապաքինվեն»։

Դե, ահա դատեցեք, թե ինչ մարդ էր նա։ Այնպիսին, ինչպիսին Ֆեյխթվանգերի ու Կոնևի մո՞տ է։ Թե՞ այնպիսին, ինչպիսին ներկայացնում են Սվանիձեն ու Ժիրինովսկին։
 
Թղթ. Դմիտրի Տիմոֆեևիչ, ինձ չեմ ների, եթե չհարցնեմ Ձեզ Ռոկոսովսկու մասին։ Նա նրանցից էր, ովքեր, ինչպեսև Կատուկովը, հավատարիմ մնացին իրենց գլխավոր հրամանատարին մինչև վերջ։ Թեև կարող էր քեն պահել այն բանի համար, որ Ստալինը նրան 1-ին Բելոռուսականից, որն ուղղված էր դեպի Բեռլին, նետեց 2-րդ Բելոռուսական ճակատ։ Շատերը կարծում են, թե դա անարդարացի էր, որ ռուս շովինիստ Ստալինին Բեռլինում ռուսական ազգանունով մարդ էր պետք։
 
Դ.Տ. Յազով. Սկսեմ նրանից, որ Ստալինը սիրում էր Ռոկոսովսկուն իր նրբանկատության, ինտելիգենտության և, իհարկե, հսկայական զինվորական տաղանդի համար։ Իսկ նրան Ժուկովով փոխարինելը 1-ն Բելոռուսականում ոչ մի կապ չունի Կոնստանտին Կոնստանտինովիչի ազգության հետ։ Ժուկովը Գերագույն գլխավոր հրամանատարի առաջին տեղակալն էր։ Նա գիտեր այն մարդկանց, որոնց հետ պետք է գործ ունենար։ Որպես Ստալինի տեղակալ նա իրավասու էր բանակցություններ վարել և, ի վերջո՝ ստորագրել Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Այնպես որ, այստեղ բանը զուտ սուբորդինացիան է, եթե կարելի է այսպես ասել։

Ի դեպ, թե՛ Ստալինի, թե՛ Ռոկոսովսկու՝ մարդկանց հետ շփվելու ձևը նման էր։ Նույն բարյացակամությունը, հավասարակշռվածությունը, հանգստությունը։ Սրանով Ռոկոսովսկին տարբերվում էր ռազմական ժամանակաշրջանի իր շատ  գործընկերներից։ Ահա թե ինչպես է ինքը՝ Կոնստանտին Կոնստանտինովիչը ներկայացնում ենթակաների հետ շփման իր ոճը. «Յուրաքանչյուր ղեկավար իր ձևն ունի, մերձավոր աշխատակիցների հետ աշխատանքի իր ոճը։ Այս նուրբ գործում ստանդարտ չես հորինի։ Մենք փորձում էինք բարենպաստ աշխատանքային մթնոլորտ ստեղծել, որը բացառում էր «ինչպես կհրամայեք» կանոնով կառուցված, կաշկանդվածությունը բացառող հարաբերությունները, երբ մարդիկ զգուշանում են մտքեր հայտնել, որոնք տարբերվում են ավագի մտքերից»։
 
Թղթ. Հավանաբար, նրա համար հեշտ չի եղել իր այդ կանոններով, երբ Արևմտյան ռազմաճակատում հայտնվել է Ժուկովի ենթակայության տակ։
 
Դ.Տ. Յազով. Մի մոռացեք, որ դա Մոսկվայի մոտ էր, ամենածայրահեղ օրերին, երբ ամեն բան մազից էր կախված։ Գուցե այդ պահին այնտեղ հենց այդպիսի մարդ էր պետք, ինչպիսին Ժուկովն էր։ Կոշտ, անզիջում, հանուն հաղթանակի ոչ մեկին չխնայող։ Այսպես էր նաև այն դեպքում, որի մասին ուզում եմ պատմել։ Ռոկոսովսկին այն ժամանակ 16-րդ բանակի հրամանատարն էր։ Գնահատելով իրավիճակը՝ նա թույլտվություն խնդրեց՝ անընդհատ մարտերում թուլացած իր դիվիզիան տանել Իստրինյան ջրամբարի մոտ, այնտեղ պատրաստվել և հակահարված տալ թշնամուն։ Այլապես, կարծում էր նա, հակառակորդը կտապալի դժվարությամբ պաշտպանվող զորքերը և, ինչպես ասում են, նրանց ուսերի վրայով կգրոհի ջրամբարը։ Անհապաղ պատասխան ստացվեց. «Հրամայում եմ կանգնել մինչև մահ՝ ոչ մի քայլ չնահանջելով»։ Ջանալով խուսափել աղետից՝ բանակի հրամանատարն ուղղակի դիմում է Գլխավոր շտաբի պետին։ Սա, ուշադրության առնելով ստեղծված իրավիճակը, թույլ է տալիս հեռանալ։ Բայց ամեն բան որոշեց Ժուկովի ահեղ հեռագիրը. «Զորքերի հրամանատարը ես եմ։ Զորքերի՝ դեպի Իստրինյան ջրամբար հետ քաշվելու հրամանը չեղյալ եմ համարում, հրամայում եմ պաշտպանվել զբաղեցրած բնագծում և ոչ մի քայլ չնահանջել»։

Հավանաբար, իմանալով բախման մասին՝ Ստալինը զանգահարում է Ռոկոսովսկուն։ Վերջինը պատրաստվում էր ևս մի քոթակ ստանալ։ Ինչպեսև ենթադրում էր բանակի հրամանատարը, նրա զորքերը ստիպված էին նահանջել։ Բայց հակառակ իր սպասումներին՝ հեռախոսափողից լսեց Իոսիֆ Վիսարիոնովիչի հանգիստ, բարյացակամ ձայնը. «Խնդրում եմ Ձեզ դիմանալ էլի մի փոքր ժամանակ, մենք ձեզ կօգնենք»։ Հաջորդ առավոտյան 16-րդ բանակը օժանդակություն ստացավ՝ «կատյուշաների» գունդ, հակատանկային հրետանու երկու գունդ, չորս վաշտ զինվոր՝ հակատանկային հրացաններով, տանկերի երեք գումարտակ և երկու հազար մոսկվացի, որպեսզի համալրվեն դիվիզիայի նոսրացած շարքերը։

Ես այս դեպքը ներկայացրի նրա համար, որպեսզի մի անգամ ևս ցույց տամ, թե ինչ հոգատար, ուշադիր և մարդկային էր Գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը։ Այնպես որ, Լիոն Ֆեյխթվանգերը չի սխալվել մեր առաջնորդին գնահատական տալիս։

Վերջում կուզենայի մեջբերել Ստալինի հնագույն զինակից Վյաչեսլավ Միխայլովիչ Մոլոտովի խոսքերը, որին շնորհազրկել էր Իոսիֆ Վիսարիոնովիչը, բայց ինչը չէր խանգարել նրան պահպանել հավատարմությունն առաջնորդի հանդեպ և օբյեկտիվ լինել նրան գնահատելիս։ «Որքան ավելի շատ են նրա վրա հարձակվում, այնքան ավելի է նա բարձրանում... Ավելի հետևողական, ավելի տաղանդավոր, ավելի մեծ մարդ, քան Ստալինն է, չի եղել և չկա»։
 
Թղթ. Իսկ ես կավելացնեի Վյաչեսլավ Միխայլովիչի ևս մեկ վկայություն. «Ինձ մեր հրամանատարները պատմում էին, որ Ստալինը մարտից առաջ, ողջերթ մաղթելով, սովորաբար ասում էր. «Դե, տա Աստված» կամ՝ «Օգնի՛ր մեզ, Տեր»։

Շնորհակալություն, Դմիտրի Տիմոֆեևիչ։ Հույս ունեմ, մենք կշարունակենք այս խոսակցությունը։ Եվ, ինչպես ասում էր Իոսիֆ Վիսարիոնովիչը, օգնի՛ր, Տեր։       
                    
Զրույցը վարեց Գալինա Կուսկովան, աղբյուրը՝ Новости Сегодня  






Դիտումների քանակ 24434


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Մայիսի 29, 2016


Ճապոնիայի ներկայիս կարգավիճակը՝ օկուպացված տարածքի կարգավիճակը, հենց ճապոնացիների ընտրությունն է։ Նրանք նախընտրեցին ամերիկյան օ...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մայիսի 22, 2016


Պրն Ջեմիլևի խոսքն աշխարհում արդեն միանգամայն այլ կշիռ կունենա, նա կդառնա ցանկալի հյուր արևմտյան բոլոր մայրաքաղաքներում, նրան Ար...

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Նոյեմբերի 1, 2015


2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ս...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Սեպտեմբերի 19, 2015


Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը