Խայտառակություն առանց մեկնաբանության

Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվենալ ինկվիզիցիայի արմատները

Ապրիլի 6, 2018
Ֆաշիստների ինչի՞ն են պետք վհուկները. յուվենալ ինկվիզիցիայի արմատները

Ոգեհմայության պահանջմունքը պայմանավորված է ֆաշիստական գաղափարախոսության բուն էությամբ, որը հաստատում է մի ինչ-որ մարդկային խմբի ի սկզբանե, անքակտելի և անվիճելի գերազանցությունը մնացած բոլորի նկատմամբ։ Եվ մի՞թե մենք յուվենալ համակարգում չենք տեսնում մարդկանց բաժանում երեք տեսակի։


Իրինա Մեդվեդևա, Տատյանա Շիշովա


Ինկվիզիցիայի խարույկներ, վհուկների որս... Մենք վարժվել ենք այն բանին, որ կաթոլիկ Միջնադարի դաժանությունը մերկացրել և մերկացնում են հումանիստները։ Բայց պարզվում է՝ վհուկների հալածանքը զայրացրել է ոչ միայն նրանց։ Երրորդ ռեյխի գաղափարախոսները նույնպես եկեղեցականներին չէին կարողանում ներել հաշվեհարդարները կախարդուհիների նկատմամբ։ Պատմական այս փաստերն ուսումնասիրող Կլաուս Գրաֆը, աշխատանքի անցնելով Էսէս-ում, անձամբ Հիմլերից հրաման է ստացել Էսէս-ի գրուպենֆյուրեր Կուրտ Վիտտեի ղեկավարությամբ իրականացնելու հետազոտական նախագիծ՝ բավական պերճախոս անվամբ՝ «Եկեղեցու արյունալի պարտքը գերմանացի ժողովրդին»։


Ինքը՝ Հիմլերն էլ, 1935թ. հանդես գալով Գյուղացիների կայսերական համագումարում, նույնպես ոչ առանց պերճախոսության ասել է. «Հարյուր հազարավոր գերմանացի կանայք և աղջիկներ քրիստոնեական դատավորների կողմից դատապարտվել են տանջամահության կամ խարույկ են բարձրացվել» (մեջբերումն ըստ Ա.Վասիլչենկոյի «Мистика СС» գրքի, Յաուզա, 2005, էջ 195)։ Իսկ Ռոզենբերգը կախարդուհիներին անգամ նացիզմի նախակարապետների թվին է դասել։ «Գերմանական ցեղերի աշխարհայացքային պայքարի պատմական վկաները՝ միջնադարյան վհուկները և կախարդները, պետք է ներգրվեն նացիոնալ-սոցիալիստական շարժման արնաբոսոր դրոշների վրա»,- կոչ էր անում նա (մեջբերումն ըստ Յու. Յու. Վորոբյովսկու «Третий акт» գրքի, էջ 229)։ Բայց ինչո՞ւ էին ֆաշիստները, որոնց առաջընթացի նվաճումներն օգնեցին չդիմել արխայիկ խարույկներին, այլ միլիոնավոր մարդկանց ոչնչացնել ավելի արդիական միջոցներով (օրինակ՝ գազախցիկների օգնությամբ), վհուկների հալածանքների հարցում անսպասելի մարդասիրություն ցուցաբերում։ Թե՞ այստեղ բանն այլ է։


Ազատություն խղճից


Իհարկե, վհուկները հիտլերականներին հետաքրքրում էին բնավ ոչ մարդասիրության նկատառումներից, այլ որպես գաղտնի մոգական գիտելիքների կրողներ։ Իսկ այդ գիտելիքներն, իրենց հերթին, նրանց հարկավոր էին աշխարհի հանդեպ իշխանություն ձեռք բերելու համար։ Հիմա արդեն բոլորին է հայտնի, որ ֆաշիստական էլիտան հատուկ ուշադրություն էր հատկացնում միստիկային և ոգեհմայությանը (օկուլտիզմ), հին հեթանոսական հավատալիքներին, ստեղծել էր հատուկ ընկերություն՝ «Անեներբե» («Նախնիների ժառանգություն»), արշավախմբեր էր ուղարկում Տիբեթ և անգամ իր տոհմաբանության մեջ «անմեղ տուժած» կախարդուհիներ էր որոնում-գտնում։ Այս մասին հանգամանալի գրքեր են գրվել, ֆիլմեր են նկարահանվել, ուստի իմաստ չունի խորանալ սույն հարցի մանրամասն ուսումնասիրման մեջ։ Բայց պակաս կարևոր չի թվում կանգ առնել մեկ այլ բանի վրա։


Հարցնենք ինքներս մեզ, թե ինչու նրանք, ովքեր համաշխարհային տիրապետության են հավակնում, այդքան շատ են զգում ոգեհմայական գիտելիքների կարիքը։ Արդյո՞ք միայն այն բանի համար, որ, նրանց կարծիքով, դրանք մարդկանց կառավարման ինչ-որ արդյունավետ տեխնոլոգիաներ են։ Կարծում ենք՝ ոչ միայն։ Եվ անգամ ենթադրում ենք, որ սա չէ գլխավորը։ Չէ՞ որ երբ ձեռքերումդ իշխանություն ունես, մարդկանց կարելի է կառավարել առանց որևէ մոգության՝ վախով, հարկադրանքով, համոզմունքով, խաբեությամբ, կաշառքով, հպատակների բարեկեցության և անվտանգության հանդեպ իրական հոգատարության դրսևորմամբ։ Եվ էլի ինչով ասես։


Չէ, ոգեհմայության պահանջմունքը պայմանավորված է ֆաշիստական գաղափարախոսության բուն էությամբ, որը հաստատում է ինչ-որ մի մարդկային խմբի ի սկզբանե, անքակտելի և անվիճելի գերազանցությունը մնացած բոլորի հանդեպ։ Իսկ ի՞նչը կարող է մարդուն սկզբունքորեն ուրիշ, վերմարդկային էակ դարձնել։ Աչքի ընկող խե՞լքը։ Բայց խելացի մարդիկ, միևնույն է, մարդիկ են։ Մեծ տաղա՞նդը։ Բայց այն ևս դուրս չի գալիս մարդկային բնության սահմաններից։ Անգամ ամենաարագ վազորդն աշխարհում չի կարող վազել ձայնի արագությամբ, իսկ ցատկորդը, որքան էլ բարձր ցատկի, ի վիճակի չէ կտրվել երկրից և թռչել։ Եվ հարուստը, որքան էլ որ փող ունենա, միևնույն է, մարդ է, այլ ոչ թե կիսաստված, ինչպես կարող է կողքից թվալ ինչ-որ մեկին։


Փոխարենը օկուլտային, մոգական գիտելիքները գերբնական, գերմարդկային հնարավորություններ են խոստանում։ Եվ հետևաբար՝ պատրանք է առաջանում, թե դու՝ գերմարդդ, ինչ-որ հատուկ իրավունքներ ունես, որոնք թույլ են տալիս տնօրինել ուրիշների կյանքն ու ճակատագիրը՝ առանց խղճի խայթի։ Ի՞նչ խայթի ու անգամ թեթև ծակոցի մասին կարող է խոսք լինել, եթե դու՝ գերմարդդ, մարդկային ցեղի ներկայացուցիչներին ընկալում ես որպես ստորին էակների, չմարդների։ Նրանցից ինչ-որ մեկը, իհարկե, երբեմն-երբեմն, քանի դեռ ռոբոտներն անկատար են, կարող է պետք գալ որպես տարբեր տեսակի ծառայություններ մատուցող կամ բիոնյութ, իսկ մյուսներին պետք է ոչնչացնել, քանի որ նրանք փչացնում են էկոլոգիան և ռեսուրսներ են ծախսում, որոնք պետք է պատկանեն միայն քեզ՝ ընտրյալության իրավունքով։ Խղճահարության մասին խոսելը պարզապես ծիծաղելի է։ Ի՜նչ խղճահարություն, երբ խոսքը վնասատուների մասին է։ Օրինակ, կրծողների։ Թիլիսոփա և միստիկ Ալֆրեդ Շուլերը, որի հայացքները բավական տպավորել են երիտասարդ Հիտլերին, խուլուհամր հաշմանդամներին անվանում էր «հասարակության հացահատիկը գողացող մկնիկներ», և ասում էր, որ նրանց պետք է այրել, իսկ երբ նրանք «պար բռնեն կրակի մեջ», դրանից սեռական բավականություն ստանալ (Ա.Վասիլչենկո, նույն տեղում, էջ 21)։


Ահա այն՝ ֆաշիստական աշխարհայացքի քվինտէսենցիան։ Դրանում հաստատվելու համար անհրաժեշտ է վերջ տալ քիստոնեական հումանիզմին, իսպառ բնաջնջել՝ առանց դրա նվազագույն դրսևորման մնացորդի, խիղճը քիմերա հռչակել, խղճահարությունը՝ փսլնքոտություն, արհամարհանք սերմանել թույլերի և անարժանների հանդեպ։ Բայց լոկ մտավարժանքներն այստեղ բավական չեն։ Մտքի վարժանքները պետք է արժանանան հոգու հավանությանը։ Ռոդիոն Ռասկոլնիկովը, եթե հիշում եք, նույնպես հարց էր լուծում՝ դողացող անասո՞ւն է նա, թե՞ իրավունք ունի։ Եվ անգամ ընտրեց երկրորդ տարբերակը՝ ի ապացույց երկու սպանություն կատարելով։ Բայց որքան էլ որ նա իրեն համոզեր կատարածի իրավացիության մեջ՝ հոգեկան տանջանքները, մինչև վերջ չջնջված քրիստոնեական ոգին նրան հանգիստ ապրել չթողեցին։ Բանն ավարտվեց կամավոր խոստովանությամբ և հատուցման տաժանակրությամբ։


Իսկ այ, եթե Ռասկոլնիկովը ոչ թե պարզապես փիլիսոփայեր, այլ իր պլանների իրագործման համար օժանդակություն որոներ մութ ուժերի կողմից, դա արդեն այլ պատմություն կլիներ։ Այդ ժամանակ նրա հոգին կլցվեր այլ, բնավ ոչ քրիստոնեական ոգով։ Եվ այդ ոգին կկարողանար սաղմնային վիճակում ճզմել խղճահարության և ապաշխարանքի ազդակները, հոգին պատրաստել խելքով չարագործություն կատարելուն։ Ըստ էության, նման այլընտրանքային օրինակ կա։ Իհարկե, արդեն ոչ թե գրական, այլ կյանքի։«Օդն այնքան հեղձուցիչ դարձավ, որ ես հազիվ ուժ ունեի շնչելու։ Թանգարանային սրահի այրող մթնոլորտը, թվում է, հալչում է աչքերիս առջև։ Ես կանգնած էի մենակ, ամբողջովին դողալով, գերմարդու տատանվող կերպարի առջև՝ վտանգավոր և վեհ բանականություն, անվախ և դաժան դեմք։ Ակնածալի երկյուղով ես նրան առաջարկեցի իմ հոգին, որպեսզի նա դառնա նրա կամքի գործիքը» (Յու.Վորոբյովսկի, նույն տեղում, էջ 29)։

 

Այսպես էր Ադոլֆ Հիտլերը հիշում թանգարանում իրեն այցելած տեսիլքը, որտեղ ցուցադրված էր այն գեղարդը, որով հարյուրապետ Լոնգինը խոցեց խաչված Քրիստոսին։ Այդ գեղարդը Հիտլերին հուզել էր ոչ թե որպես քրիստոնեական մեծ սրբություն։ Օկուլտային մի գրքույկում, որը նա՝ պատանեկությունից տարված լինելով միստիկայով, մի ժամանակ կարդացել էր, ասված էր, որ այն կարող է իշխանություն տալ աշխարհի հանդեպ։
Ճշմարի՞տ է արդյոք Երրորդ ռեյխի ղեկավարի այս հիշողությունը, թե՞ հորինել է՝ ավելի համոզիչ լինելու համար՝ մեզ անհայտ է։ Բայց այն, որ անհաջողակ գավառական նկարիչը, որը վերապրոֆիլավորվել էր որպես քաղաքական գործիչ, կարողացավ բարձրանալ քաղաքական օլիմպոսի գագաթը և զավթել աշխարհի կեսը (իսկ մտադրվել էր զավթել ամբողջը), անվիճելի փաստ է։ Եվ չի բացառվում, որ բացի հանգամանքների շահեկան բերումից, դրանում բնավ ոչ վերջին դերն է խաղացել օկուլտային ուժերին, «վտանգավոր» և վեհ բանականությանը» դիմելը։

 

Մահվան հեծյալները


Գուցե չարժեր քրքրել գրեթե հարյուրամյա վաղեմության անցյալը, եթե, ինչպես կարծում էին շատերը, ֆաշիզմի համաճարակին ընդմիշտ վերջ տրվեր 1945թ.։ Բայց քանի որ այսօր այն նորից բացահայտ հայտարարում է իր մասին և անգամ չի ամաչում ավանդական ատրիբուտիկայից (ջահերթեր, սվաստիկա, զիգեր, համազգեստ, Հիտլերի հանցակիցները՝ պատկերված դրոշներին), մեզ պակաս կարևոր չի թվում նաև այդ երևույթի օկուլտային աստառի հարցը։


1989թ. նեոնացիստների ժողովում հնչեց չիլիացի հայտնի դիվանագետ, գրող, նացիոնալ-սոցիալիստ և վիզիոներ Միգել Սեռանոյի ելույթը։ «Այսօր՝ ապրիլի 20-ին, հիտլերյան դարաշրջանի հարյուրերոդ տարում կամ հուդայա-քրիստոնեական դարաշրջանի 1989 թվականին, ես ձեզ հայտարարում եմ Ջրհոսի դարաշրջանի նոր կրոնի սկիզբը՝ հիտլերականության դարաշրջանի սկիզբը։ Մենք զինակիցներ ենք, ոչ թե պարզապես քաղաքական շարժման անդամներ։ Մենք նոր կրոնի քրմերն ենք»,- ասաց նա։


Փաստորեն այդ նույնի մասին, բայց ավելի փոխաբերական իմաստով, չտալով «մեծ ֆյուրերի» անունը, այլ լսարաններում հայտարարում էր նաև «սոցիալական նորարար», «Գիտակցության էվոլյուցիայի ֆոնդի» նախագահ Բարբարա Մարքս Հաբարդը, որը 20-րդ դ. 80-ական թթ. գլխավորում էր... «Խորհրդա-ամերիկյան երկխոսության կենտրոնը», որը ստեղծվել էր էկումենիկ «Ըմբռնման տաճարի» հենքի վրա։


«Հիմա, երբ մենք մոտենում ենք մարդ-անասունից մարդ-կերտողի որակական թռիչքին, աստվածային հզորության չտիրապետող մարդիկ՝ այդ ավերիչները, որոնք կազմում են մարդկության մեկ քառորդը, պետք է հեռացվեն սոցիալական օրգանիզմից։ Եսակենտրոններին անհրաժեշտ է վերացնել, այլ ելք չկա... Այդպես է տեղի ունենում սելեկցիան երկրագնդում։ Աստված վերցնում է, իսկ մենք ոչնչացնում ենք։ Մենք մահվան հեծյալներն ենք, սպիտակ ձիով հեծյալները։ Մենք կործանում ենք բերում Աստծուն ճանաչել չկարողացողներին... Գունատ ձիով հեծյալներն ուր որ է կձիավարեն ձեր մեջ։ Դաժան հնձվորները ցորենը կջոկեն որոմից։ Սա մարդկության պատմության ամենացավոտ շրջանն է» (Է.Հելենբրոյչ, «Գնոստիկական պաշտամունքները գրոհում են դասական մշակույթի դեմ», մեջբերումն ըստ Ի.Մեդվեդևայի, Տ.Շիշովայի «Орден глобалистов: российская ложа» գրքի, Մ., «Ալգորիթմ», 2006, էջ 164)։


Այն մասին, որ սրանք պարզապես հուզավառ կնոջ խոսքեր չեն և հեծյալներն իրոք արշավել են՝ վերստին վկայում են փաստերը։ 2017թ. գարնանը Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը տեղեկացրեց, որ պատերազմի վեց տարիների ընթացքում զոհվել կամ անհետ կորել է 465 հազ. մարդ։ Բնականաբար, զոհերի ճշգրիտ թիվը հաշվելը միշտ բավական դժվար է, բայց պարզ է, որ խոսքը հարյուր հազարների մասին է։ Չմոռանանք նաև Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եմենում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում կորուստների մասին, որտեղ ամերիկյան «դեմոկրատիզատորները», որոնք չեն ամաչում հայտարարել իրենց բացառիկության մասին, «կարգուկանոն էին հաստատում քաոսի միջոցով»։ Իսկ Ուկրաինա՞ն։ «Հեծյալներն» այսօր մեզ այնքան մոտ են արշավում, որ լավ լսողություն ունեցող մարդիկ հստակ լսում են նրանց մահաբեր սմբակների դոփյունը։


Այն, որ ֆաշիզմը օկուլտային սնուցման կարիք ունի, արդեն քիչ թե շատ հասկանալի է։ Իսկ ահա հակառակ կախվածությունը. այն, որ ոգեհմայությունն արդի պայմաններում վաղ թե ուշ անխուսափելիորեն կհանգեցնի ֆաշիզմի, այնքան էլ ակնհայտ չէ։ Եվ այստեղ նույնպես իմաստ ունի ավելի հանգամանալիորեն կանգ առնել։ Զանազան օկուլտային աղանդների հիմքում ընկած է «գնոստիսիզմ» անունը կրող հին ուսմունքը (հունարեն «գնոզիս»՝ գիտելիք բառից)։ «Գնոստիցիզմի բոլոր հիմնական տարբերակները,- գրում է Յուրի Բյալին «Գնոստիկական գաղափարախոսության հաջորդականությունը և «մահվան մշակույթի» պատմական եվրոպական դրսևորումները» զեկույցում,- առաջադրում էին մարդկության հիմնարար բաժանվածությունը»։ Ամենաներքևում, իբր, «խիլիկներն» են (կամ «խյուլիկները», հուն.՝ «մատերիա»), հոգի չունեցող էակներ, այսինքն՝ չմարդիկ։ Ավելի վերևում «փսիխիկներն» են, որոնք, ինչպես երևում է անվանումից, հոգի ունեն, բայց «Աստծո կայծից» զուրկ են, թեև որոշակի հանգամանքներում կարող են «արթնանալ»։ Սրանք կեսմարդիկ են։ Իսկ հիերարխիայի գագաթին «պնևմատիկներն» են, որոնք ի սկզբանե օժտված են «պնևմայով» (աստվածային ոգով), որն առաջանում է լույս-պլերոմայի առատությունից։ Ըստ էության, հենց միայն նրանք են արժանի մարդ կոչվելու։ «Խյուլիկ տեսակը թշնամական է ցանկացած առումով, քանի որ մութ է և խոչընդոտում է լույսի վերելքին,- ասվում է գնոստիկական վարքականոններից մեկում։- Այն մարմնացած ատելություն է Տիրոջ հանդեպ» (Ա.Վասիլչենկո, նույն տեղում, էջ 27)։ Համեմատեք Բարբարա Հաբարդի ելույթների հետ։


«Մարդկության մեկ քառորդը ավերիչներն են։ Նրանք զայրանում են Աստծո վրա։ Դրանք որոմն են... Կարմիր ձին սաղմնային վիճակում նրանց ոչնչացումն է, ովքեր չեն տեղավորվում Աստծուն ձգտող տիեզերական կյանքում։ Նրանք, անշուշտ, պետք է մեռնեն... Միայն բարի ընձյուղները պետք է զարգանան։ Միայն Աստծուն ձգտողները կգոյատևեն և կժառանգեն տիեզերական հզորությունը»։


Եվ այսպես, ի՞նչ մնաց տակը։ Մարդկության կոշտ բաժանում կաստաների (մարդիկ, կիսամարդիկ, չմարդիկ) և բարձրերին ստորինների կյանքը տնօրինելու, ընդհուպ մինչև այդ կյանքը ոչնչացնելու իրավունքի ընձեռում։


Իսկ մեզ մո՞տ


Ցավով հարկադրված ենք փաստել, որ մեր ներքին քաղաքականությունում առայժմ չկա այն վտանգի ըմբռնումը, որն իր մեջ թաքցնում է օկուլտիզմի և գնոստիցիզմի տարածումը։ Նրանց, ովքեր ազդում են քաղաքական գործընթացների ընթացքի վրա, հավանաբար, թվում է, թե դա շոշափում է լոկ հավատացյալների և փիլիսոփաների մի ինչ-որ փոքր խմբի շահերը։ Իսկ իրականում բոլորովին այլ է։ Վերակառուցման ժամանակ սկսվեց (և ցայժմ շարունակվում է) հանրային գիտակցության շատ եռանդուն, ավելի ճիշտ կլինի ասել՝ ագրեսիվ վերաձևափոխում։ Կապիտալիզմի ջատագովությանը, պատմության վերանայմանը և բարոյաէթիկական նորմերի լղոզմանը զուգահեռ՝ հասարակությանն սկսեցին վարժեցնել մագիային և կախարդությանը՝ որպես կենցաղի անքակտելի մասի։ Կախարդներին ցույց էին տալիս հեռուստացույցով, էքստրասենսները լիցքավորում էին ջուրը, մհրաշագործների և պայծառատեսների մասին հայտարարություններով առայսօր լեցուն են ամենատարբեր լրատվամիջոցները։ Դպրոցներում անգամ հատուկ առարկա մտցրին՝ «Վալեոլոգիա», որտեղ, ինչպես ատամները ճիշտ մաքրելու հրահանգների հետ միասին, երեխաներին տալիս էին Պորֆիրի Իվանովի, Ջունա Դավիթաշվիլու և այլոց օկուլտային «առողջարար» համակարգերի մասին գիտելիքներ։ Իսկ մի շարք դասագրքերում (օրինակ, օտար լեզուների), որոնք ժամանակի ոգով փորձում էին դարձնել ավելի զվարճալի, ի հայտ եկան հեքիաթային կերպարներ, որոնք օգնում էին դպրոցականներին յուրացնել առարկան։ Եվ այդ հերոսների շարքում հաճախ վհուկներ կան, տնային ոգիներ և այլ չար ոգիներ։ Այսպիսով, հենց մանուկ հասակից վարժեցնում էին նրան, որ կախարդները կարող են ուղեկցորդ հանդիսանալ դեպի գիտելիքների ոլորտ։

Անհավանական թվով շատացել են համակարգչային խաղերը, որոնք խաղացողներին տանում են էզոթերիկ բնույթի գիտելիքների ոլորտ։ Գրախանութների դարակները զբաղեցրել են պատանեկան ֆենթեզիները, որոնք ըստ էության կատարում են համանման խնդիր։ Փոքրահասակների օկուլտային-գնոստիկական «ապականման» հարցում հատուկ դեր խաղաց բազմահատոր «Հարի Փոթերը»։ Խոստովանում ենք, այս ստեղծագործությանը հատկացվել նման դեր։ Բայց, դատելով «ամեն արդուկից» արձակվող մոլի գովազդից, և որ գլխավորն է՝ այն բանից, թե ինչպես են փրփրել և մինչև հիմա էլ փրփրում են նրա կողմնակիցները, այդ թվում ուղղափառ շրջանակներում, օկուլտային «կեղծիքը» հայտարարելով «ամենաքրիստոնեական գիրք» (!), սա մի ինչ-որ չափազանց կարևոր բան է։ Գուցե երբևէ իրավիճակը կպարզվի...


Այն մասին, որ «Հարի Փոթերը» ըստ էության դասագիրք է, որը զվարճալի հեքիաթային ձևով մատուցում է ոգեհմայության այբուբենը, մենք գրել ենք «Հարի Փոթեր. ստոպ» հոդվածում։ Այստեղ էլ ուշադրությունը կսևեռենք մարդկության բավական բնութագրական բաժանման վրա այդ իբր բարի մանկական հեքիաթում։ Իսկ այն, ինչպեսև գնոստիկների մոտ, բաժանվում է երեք խմբի։ Ներքևում մարդիկ են, որոնք մոգական կարողություններ չունեն, հիմար են, սահմանափակ, անբարեհաճություն են առաջացնում («մագլեր»)։ Մեջտեղում «խառնարյուններն» են, որոնց ծնողներից մեկը հրաշագործ է եղել, իսկ մյուսը՝ ոչ («Փսիխիկների» նման, որոնք կարող են «արթնանալ»՝ իրենց մոգական կարողությունները զարգացնելու համար)։ Իսկ վերևում հրաշագործներն են, որոնց թվին է պատկանում այս սերիալի գլխավոր դրական հերոսը։ Իհարկե, հրաշագործները բաժանվում են բարիների, որոնց թվին է պատկանում Հարի Փոթերը, և չարերի, որոնց դեմ նա պայքարում է, բայց նման ավանդական սխեման (չարին հաղթող բարի) օգտագործվում է որպես խայծ, երեխաներին ավելի արդյունավետ ձևով ոգեհմայության ծիր ներքաշելու համար։ Մեր նոր կյանքի շատ երևույթներում օկուլտային-գնոստիկական գաղափարախոսությունը բացահայտ չի երևում, բայց դա չի նշանակում, թե այն չկա։ Մի՞թե յուվենալ համակարգում մենք չենք տեսնում մարդկանց բաժանում երեք տեսակի՝ ստորիններ, «կենսաբանական ծնողներ» (նրանց համար իզուր չէ, որ ընտրվել է նման նվաստացուցիչ մակդիր, որն ընդամենը կես քայլով է բաժանվում «բիոաղբ» բառից)։ Նրանք մարգինալ են, տգետ, ոչ բանիմաց, չեն կարողանում անգամ երեխաներին ատամները մաքրել սովորեցնել, ինչի համար էլ հարկադրված են վալեոլոգիայի դասեր մտցնել։ Ուստի, չի կարելի նրանց վստահել երեխաների դաստիարակությունը։ Մի կարգ վերև են «արթնացածները»։ Սրանք խորթ ծնողներն են, որոնց լուսավորել են հատուկ դասընթացներում։ Դրանք ավարտելով՝ նրանք կարող են դաստիարակել երեխաներին, բայց վերահսկողության ներքո, որն էլ հենց իրականացնում է յուվենալների բարձր ռասան։ Նրանք լուսավորյալ են, գերբանիմաց, օժտված են արտասովոր գիտելիքներով և իրավունքով՝ որոշելու, թե ով է արժանի ծնողի կոչման, իսկ ով՝ ոչ։ Եվ որպես բարձր ռասա՝ յուվենալներն անքննելի են։ Շատերն են հարց տալիս, թե ինչու պաշտոնյաներից ոչ մեկը չպատժվեց երեխաների ապօրինի առևանգման համար։ Անգամ երբ արդյունքում երեխաները մահանում էին կամ նրանց մայրերն էին վերջ տալիս իրենց կյանքին։ Գնոստիկ դասակարգումը նման տարակուսանքներ թույլ է տալիս...


Իսկ մի՞թե «ընտանիքի պլանավորումը», որտեղ լուսավորյալ «քուրմ-գինեկոլոգները» սահմանափակում են ծնելիությունը «ստորինների»՝ աղքատների, անառողջների, անբարեկեցիկների միջավայրում։ Այստեղ մի՞թե չեն հնչում գնոստիկական մոտիվները։


Նաև միանգամայն բացահայտ փորձեր են ձեռնարկվում՝ ռուսաստանցի բնակչությանը բաժանելու կաստաների։ 2014թ. Անդրբայկալում երկրամասի նահանգապետի կողմից (!) առաջարկվեց և հաստատվեց «Մանկության արդիականացում» պիլոտային նախագիծը։ Լրամշակումից հետո մտադիր էին այն ներդնել ամբողջ Ռուսաստանում։ Նախագծի էությունը հանգեցվում էր նրան, որ մանկամսուրի տարիքից «մասնագիտական կողմնորոշման շրջանակներում» մանուկներին բաժանեն խմբերի. արդյունաբերական պրոլետարիատ, գյուղատնտեսական աշխատավորներ, կրեատիվ դաս, սպասարկող անձնակազմ և մարգինալներ։ Վերջինների մասին փաստաթղթում ասվում էր զինվորական ուղղամտությամբ. «Խոսքը նրանց մասին է, ովքեր խնդիր են հանդիսանում ցանկացած առողջ հասարակության համար՝ տարբեր տեսակի պորտաբույծներ, մարգինալներ և անչափահաս հանցագործներ, որոնք ոչ մի կապ չունեն երկրի արդյունավետ կապիտալիզացիայի հետ... «Խոտանված» մարդկային կապիտալի համար պահանջվում է վերադաստիարակման հատուկ «արտադրական գիծ»... Աստիճանական սելեկցիայի արդյունքում մենք պետք է ստանանք մանկական շարժման վերստին աշխուժացած էկոհամակարգ՝ Մանկական միավորումների դաշնություն»։


«Անդրբայկալի երկրամասում ներդրվում է երեխաներին կաստաների բաժանելու պիլոտային եվգենիկ (ազնվացեղ) նախագիծ... Ծրագրի իրականացնող դարձավ Կուդրինի քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության ֆոնդը։ Իսկ նախագծի հեղինակը Անատոլի Երմոլինն է՝ Կասպարովի, Խոդորկովսկու, Նեմցովի, Պրոխորովի զինակիցը, որը «Բոլոտնիի» երթերի ակտիվ մասնակիցն է և Կուդրինի ֆոնդի ղեկավարներից մեկը»,- կարդում ենք «Յուգենդլենդ Սիբիրում. շատ տագնապալի ինֆորմացիա» հոդվածում։- Նա վաղուց արդեն երկրի տարածաշրջաններում ներդնում է «անձի վերաձևափոխման» կրթական նախագծեր»։


Ահա թե իր մասին Ֆեյսբուքում ինչ է գրում ինքը՝ նախկին հետախույզ Անատոլի Ալեքսանդրովիչը, որն, ի դեպ, ժամանակին եղել է Պետդումայի պատգամավոր և անգամ «Միասնական Ռուսաստանի» անդամ, որտեղից նրան, իհարկե, հետո հանեցին։ Թվարկելով իր նախագծերը՝ նա մատնանշում է «Ինտերնետ-կրթության դաշնության» ստեղծումը։


«2002-2005թթ. – «Յուկօսի» համառուսական բարեգործական նախագիծ միջնակարգ դպրոցի ուսուցիչների պատրաստման համար։ Հասցրինք ուսուցանել մոտ 250 000 մարդու։ Երկրում բացեցինք 54 ուսումնական կենտրոն՝ ամիսը 100-200 մարդ թողունակությամբ... Մշակել և կառավարել եմ երեխաների և երիտասարդության աջակցության կորպորատիվ նախագծեր «Յուկօս» ընկերության ներկայությունն ունեցող շրջաններում և ոչ միայն։ Նախագծին մասնակցել է ավելի քան 1000 դպրոց, ամռանն աշխատել է 74 կրթական ճամբար։ Նախագծով անցել են ավելի քան 150 հազ. երեխա և ուսանող»։ Թափը, ինչպես տեսնում եք, բավական լուրջ է։


Իհարկե, Անդրբայկալի կաստայական նախագիծը կարծես թե չեղարկել են, քանի որ դրա բացահայտ ֆաշիստական բնույթի պատճառով մեծ սկանդալ բարձրացավ։ Բայց վերջերս հօգուտ երեխաների պաշտպանության Ազգային ռազմավարության հանրային քննարկումներից մեկի ժամանակ նորից մակերես լողաց մանկամսուրի տարիքից պրոֆկողմնորոշման թեման։ Մեր գործընկերը, որը ներկա է եղել միջոցառմանը, որոշել է, որ դա մի ինչ-որ չլսված անհեթեթություն է, բարբաջանք։ Ստիպված էինք նրան հիշեցնել անդրբայկալյան նախաձեռնության մասին...


Չէ, «մահվան հեծյալները» չեն շրջանցել մեր երկիրը։ Արշավում են, ոտնատակ տալիս կյանքի տարածքը... Եվ որքան են արդեն տրորել։ Իսկ նրանք, ովքեր կոչված են նրանց կանգնեցնելու, ասես չեն էլ լսում։ Գուցե այն պատճառով, որ ձիերի սմբակները փաթաթված են հումանիզմի ձայնամեկուսիչ թաղիքով, կամ էլ հույս ունեն դասվել բարձր ռասայի շարքին։ Բայց անգամ չգիտենք, թե ինչպես մեկնաբանենք երկրորդ ենթադրությունը։ Ի դեպ, մեկնաբանությունները կարելի է փոխ առնել դասականից.


«Не льстись предательством ты счастия сыскать! У самых тех всегда в глазах предатель низок, Кто при нужде его не ставит в грех ласкать; И первый завсегда к беде предатель близок»


(Իվան Անդրեևիչ Կռիլով)



Աղբյուրը՝ РЕГНУМ լրատվական գործակալություն  







Դիտումների քանակ 36601


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հիտլերի հաղթարշավը Հայաստանում

Հիտլերի հաղթարշավը Հայաստանում

Հուլիսի 4, 2015
2

Եթե Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի անդամ, Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, ապա Հիտլերի գլուխգործոցը պետք է արգելվեր ...

Հակաստալինիզմի և ռուսատյացության նույնության՝ որպես Ռուսաստանի կործանման հիմնական զենքի մասին

Հակաստալինիզմի և ռուսատյացության նույնության՝ որպես Ռուսաստանի կործանման հիմնական զենքի մասին

Նոյեմբերի 8, 2014


Ստալինիզմը լիբերալ Ռուսաստանում այնպիսի հախուռն քննադատության է ենթարկվել, որ լիբերալների (այդ թվում և պուտինյան շրջանում՝ պետո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ